Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականները պատրաստ են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը

04 Ապրիլ, 2016 20:00
Հայաստանի հավաքականները պատրաստ են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ապրիլի 8-ից մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները կմասնակցեն ներկա պահին առկա հնարավոր ուժեղագույն կազմով:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ կանանց հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով՝ 7 ներկայացուցիչներով: Թիմում կլինեն բոլոր ուժեղագույնները` Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը ևս մարտական կազմով կգնա Նորվեգիա, չնայած մեծ հարցականի տակ է Ռուբեն Ալեքսանյանի մասնակցությունը, ով վնասվածք ունի:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայանալու է ամբողջական կազմով՝ 10 քաշային կարգերում: Չնայած Ալեքսանյանի բացակայությանը՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանս կստանան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ): Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակիցների կազմում կլինեն նաև Առաքել Միրզոյանը և Ռոստամ Կարապետյանը:

Փաշիկ Ալավերդյանը հույս հայտնեց, որ թիմային հաշվարկով թե՛ աղջիկների, թե՛ տղաների ուժեղ հավաքականները բարձր տեղ կզբաղեցնեն, ինչը հնարավորություն կտա Օլիմպիական խաղերի մասնակցության լրացուցիչ տեղեր ունենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին