Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում բուժվող 3 վիրավորի վիճակը կայուն ծանր է, երեխաների վիճակը բարելավվում է

04 Ապրիլ, 2016 19:14
Ստեփանակերտում բուժվող 3 վիրավորի վիճակը կայուն ծանր է, երեխաների վիճակը բարելավվում է

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ առողջապահության նախարարությունից, «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է, Գևորգ Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել է, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա:

Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն ապրիլի 4-ին վիրահատվել է, տեղադրվել է արտաքին ֆիքսացիայի ապարատ: Ապարատը տրամադրվել է բժշկական գործիքների և պարագաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Երմեդ» կազմակերպության տնօրեն Երեմ Ադամայանի կողմից: Վարդան Անդրեասյանի մոտ ևս դրական դինամիկա է արձանագրվել:ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Լիարժեք ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները և շտապօգնության ծառայությունը:

Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:Արդեն երրորդ օրն է Արցախում են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը և կենտրոնի առաջատար մասնագետներն` Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը: Երևանից ժամանած մասնագետները տեղի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի և շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է բերվել նաև «Էրեբունի» ԲԿ շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ և անվտանգ Երևան տեղափոխելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, պուլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաև զիվորական հոսպիտալին:

 

Լրահոս

Դիտել ավելին