Կարևոր իրադարձություններ

Ով ինչի համար է պատասխանատու լինելու. Ձևավորվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբը

24 Հոկտեմբեր, 2015 18:27
Ով ինչի համար է պատասխանատու լինելու. Ձևավորվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը, որի ընթացքում ձևավորվել է շտաբը:

Շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալներ են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով շտաբի քարոզչության պատասխանատուն է նաև, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։

Եվ այսպես, ձևավորվել է բավականին լուրջ թիմ ու այդ թիմի յուրաքանչյուր անդամ կատարելու է իր կարևոր ֆունկցիան:

Շտաբի պետը երկրի երրորդ դեմքն է ու դրանով համարյա թե ամեն ինչ ասված է: Ի դեպ Հովիկ Աբրահամյանը նաև ԲՀԿ-ի գործունեությունն է համակարգելու:

ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը պատասխանատու է մարզերի հետ կապի պահպանման համար:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանի ընտրությունը շտաբի պետի տեղակալի պաշտոնում նույնպես զարմանալի չէ. Կարապետյանի եղբորը՝ Սամվել Կարապետյանին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և այսպիսով ապահովված է ֆինանսական մեծ ռեսուրսը:

ՀԷՑ-ի հանգամանքից բացի, Կարապետյանների դերն ու նշանակությունը լիովին հասկանալի է, չէ որ ակտիվ շրաջանառվում են կարևոր վարկածներ նրանց՝ իշխանության ձևավորման ու կայացման գործընթացներում մասնակցության մասին:

Վերահսկիչ պալատի և նախագահի վերահսկողության ծառայության կարևոր դերը ևս նպատակային է, այդ կառույցների ներկայացուցիչները, բնակաանաբար, վերահսկելու են ծավալվող գործընթացները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ֆունկցիան խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցող գործընթացների ու զարգացումների ապահովումն է:

Դե իսկ այս ամենի ամենակարևոր և կառուցողական ֆունկցիայի ՝ քարոզչության պատասխանատուի ընտրությունը, բանականաբար, հասկանալի է: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը ամենապատճառաբանվածն է, նրանից լավ երևի թե ոչ ոք չի կարող գլուխ հանել այդ բարդ ու պատասխանատու գործից: «Ինչ, որտեղ, երբ» խաղի սիրահար Սարգսյանից լավ ոչ ոք չի կարող իմանալ թե ինչ մարտավարություն պետք է կիրառել և ամենակարևորը՝ որտեղ և երբ:

Իշխանությունն այս թիմով կարևոր հայտ է ներկայացրել «Ո՛Չ»-ի ճակատին և առհասարակ ու սրան հաջորդող զարգացումները խոստանում են բուռն ու թեժ լինել:

 

Լրահոս

Դիտել ավելին