Կարևոր իրադարձություններ

«Սա թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել իր հանցավոր կեցվածքն ու քաղաքականությունը». Մասիս Մայիլյան

04 Ապրիլ, 2016 15:51
«Սա թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել իր հանցավոր կեցվածքն ու քաղաքականությունը». Մասիս Մայիլյան

«Ըստ էության, նոր բան տեղի չի ունեցել, սա Ադրբեջանի ռազմական դիվանագիտության շարունակությունն է, ուղղակի փոխվել են խախտումների ծավալներն ու մաշտաբները»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով՝ այդ դիվանագիտության միջոցով փորձելով ճնշումներ գործադրել առաջնագծում՝ Ադրբեջանն ուզում է միակողմանի զիջումներ ստանալ Արցախի Հանրապետությունից և ՀՀ-ից: Նա նկատեց, որ այդ քաղաքականությունը նրանք արդեն երկար տարիներ են վարում, բայց քանի որ չի հաջողվում, փորձում են ուժեղացնել այդ ճնշումը և ավելի ագրեսիվ կեցվածք են ընդունում:

«Փառք Աստծո, մեր բանակը հզոր է, մենք կարողանում ենք կանգնեցնել նման ոտնձգությունները: Կա մեծ ոգևորություն, մարտական ոգին բարձր է՝ թե՛ ժողովրդի, թե՛ բանակի, և թե՛ կամավորների: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակներին և չի կարողանում: Մեր այս գործողությունները լուրջ հարված են հասցնում ադրբեջանական կողմին, նա մեծ կորուստներ է կրում՝ և՛ մարդկային, և՛ տեխնիկայի: Կարծում եմ՝ նաև տարածքային կորուստներ պետք է ունենան, որ մյուս անգամ չհամարձակվեն նույն բանն անել: Մենք առաջին հերթին՝ ապավինում ենք մեր ուժերին և հաջողության ենք հասնում»,- նշեց Մ. Մայիլյանը:

Ըստ Մ. Մայիլյանի՝ պետք է նաև քաղաքական քայլեր կատարվեն, այս իրավիճակը պետք է ճիշտ օգտագործել, որ Ադրբեջանը հասկանա, որ նմանատիպ որևէ ոտնձգության դեպքում իրենք ավելի շատ կորուստներ են ունենալու: Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես՝ եռանախագահ երկրների, արդյոք չե՞ք կարծում՝ ավելի կոշտ և հասցեական պետք է լինեին կոչերը, Մ. Մայիլյանն այսպես պատասխանեց. «Արձագանքներն ինտենսիվ էին, աննախադեպ էին, բայց, ցավոք սրտի, ինչպես և նախկինում, անհասցե էին: Սա թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել իր հանցավոր կեցվածքն ու քաղաքականությունը, ու եթե այդ ազդանշաններն ուղղված լինեին ուղիղ Բաքվին, ավելի մեծ արձագանք կտային»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին