Կարևոր իրադարձություններ

Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Վալերի Բուայե

02 Ապրիլ, 2016 23:06
Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Վալերի Բուայե

Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն թվիթերյան իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին: «Սիրելիներս, մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են: Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- « Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Բուայեն:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին