Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր. ԼՂ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը.Սերժ Սարգսյան

02 Ապրիլ, 2016 20:29
Այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր. ԼՂ Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը.Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ այլ հարցեր:

Նիստի սկզբում Հանրապետության նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես են եկել նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին եւ արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետեւակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք եւ 35-ին մոտ վիրավոր:

Միացյալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցվել է, եւ համարում եմ, որ ընդունված որոշումները տեղին են, անհրաժեշտ եւ ճիշտ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներ էի այցելել մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին եւ այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռեւս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում եւ հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: 

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, եւ որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որեւէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին