Կարևոր իրադարձություններ

Ականազերծման աշխատանքները շարունակվում են. (լուսանկարներ)

24 Հոկտեմբեր, 2015 14:56
Ականազերծման աշխատանքները շարունակվում են. (լուսանկարներ)

Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացավ նախկինում ականապատ, իսկ այժմ`33.000 քառ.մ. անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Արարողության սկզբին The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրեցին կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Բրիֆինգից հետո «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի որակի վերահսկողության տեսուչները Սրաշենի համայնքապետի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ միասին ստուգեցին ականազերծված և հանձնման ենթակա տարածքների գագաթակետերի GPS կոորդինատների համապատասխանությունը կազմված քարտեզներին, պատահական ընտրությամբ իրականացրեցին հողանմուշների կրկնակի ստուգազննում: Արդյունքում փաստվեց, որ Սրաշեն համայնքի 33.000 քառ. մ. ընդհանուր տարածքով «Սրաշեն-5» և «Սրաշեն-6» նախկին ականադաշտերն ականազերծված են, մաքրված են չպայթած զինամթերքից և այսուհետ կարող են անվտանգ օգտագործվել ի բարրօրություն համայնքի ազգաբնակչության:

Արարողության ավարտին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը մարզի բնակչության, ղեկավարության և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունից երախտիքի ջերմ խոսքեր հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիլին` ըստ արժանվույն գնահատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի Զենքերի Վերացման և Չեզոքացման բաժնի (PM/WRA) դոնորական աջակցությունը: Այնուհետ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի խնդրանքով, պարոն Ջոն Ֆրիլը հանդիսավոր կերպով Սրաշենի համայնքապետին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգությունն ու ապահովությունը փաստող հավաստագրերը:

Իհարկե, ձեռնունայն չէին Սրաշենի բնակիչները, որոնք չանսալով հյուրերի մեկնելու խնդրանքներին, բոլոր ներկաներին հրավիրեցին ավանդական գինեթասի` համտեսելու Սյունյաց աշխարհի անկրկնելի բարիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին