Կարևոր իրադարձություններ

Կարևորը առատ ու շքեղ խոստանալն է. Սասուն Միքայելյանի ծրագրում խոստումների պակաս չկա. «Հայոց աշխարհ»

02 Ապրիլ, 2016 07:45
Կարևորը առատ ու շքեղ խոստանալն է. Սասուն Միքայելյանի ծրագրում խոստումների պակաս չկա. «Հայոց աշխարհ»

«Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում ապրիլի 17-ին նշանակված քաղաքապետի ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է:
   Եվ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետի թեկնածուները՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), Արթուր Միսակյանը («Հայկական վերածնունդ») և Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր»), պետք է ջանան հրազդանցիներին համոզել, որ հենց իրենց նախընտրական ծրագիրն է ամենից լավը, իրատեսականն ու իրագործելին:
   Բայց վերջին երկու կետերը՝ իրատեսականի և իրագործելի լինելը, միշտ չէ, որ կարևորվում են: Նախընտրական արշավ ու քարոզչություն է, վերջիվերջո: Եվ հաճախ շեշտը դրվում է հնարավորինս ճոխ ու շքեղ խոստումներ տալու վրա:


   Վերցնենք, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի՝ երեկ տարածված նախընտրական ծրագիրը, որ շատ ընդարձակ չէ:
   Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանի նախընտրական կարգախոսն է՝ «Որ ժպտաս, Հրազդա՛ն»: Ենթադրվում է, որ դա ապրիլի 1-ի հետ կապ չունի: Երևի միայն ծրագիրը հրապարակելու ամսաթվի առումով է կապը: Չնայած ժպտալու առիթներ արդեն կան:


   Սասուն Միքայելյանի ծրագրից երևում է, որ փաստաթուղթը կազմել է նրան առաջադրած կուսակցության առաջնորդ և իր նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը։
   Ինչ վերաբերում է ծրագրի կոնկրետ դրույթներին, ապա դրանք իսկապես հետաքրքրություն են հարուցում: Այն ամենից բացի, ինչ սովորաբար պարտավոր է անել որևէ քաղաքապետ, Սասուն Միքայելյանն, օրինակ, խոստանում է ամեն տարի, առնվազն երկու անգամ շաբաթօրյակ-ծառատունկեր կազմակերպել ու առնվազն տարեկան 4 հազար ծառ տնկել, խոստանում է երեք տարում երկու զբոսայգի հիմնել, «թաղամասային պուրակներ», խաղահրապարակներ:
   Խոստանում է Հրազդանի ամեն թաղամասում մեկ մանկապարտեզի կապիտալ վերանորոգում, քաղաքի վերելակային տնտեսության վերանորոգում ու նաև «կանգնած վերելակների» վերագործարկում: Խոստանում է հիմնել մեծահասակների ժամանցի խաղային կենտրոններ, բակերում կարուսելներ ու նստարաններ դնել:


   Եվ սա դեռ միայն փոքր մասն է:


   Շարունակության մեջ ե՛ւ Հրազդանի բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության ստուգումն է, ե՛ւ Հրազդան գետի հունը պարբերաբար մաքրելու խոստումը, չհաշված արդեն սոցիալական աջակցության ընդգրկուն խոստումները՝ հասցեագրված անապահով ընտանիքներին, ազատամարտիկների ընտանիքներին, երիտասարդներին, ուսանողներին, շատերին:
   Չհաշված նաև արվեստի, երաժշտական, մարզական կրթօջախների, գրադարանների ու թատրոնների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելը, անվճար իրավախորհրդատվություն ապահովելու խոստումը: Եվ այլն, և այլն։


   Կժպտա՞ հրազդանցին: Ընտրություններում կերևա: Բայց համայնքային տնտեսության կառավարման մասնագետները երևի արդեն ժպտում են:


   Այդպիսի մի փորձագետ, ծանոթանալով Ս.Միքայելյանի ծրագրին (ապրիլի 1-ին էինք զրուցում), կատակով նկատեց. «Երևի թանկարժեք մետաղների ինչ-որ հանք է գտել կամ էլ «փող տպող» մեքենա:
   Սա՝ կատակով: Իսկ եթե լուրջ, ապա այս ծրագրում նշվածը իրագործելու համար տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ են պահանջվում: Ամենաքիչը՝ 45-50 միլիոն դոլար: Շոշափելի, եթե չասեմ՝ ահռելի ֆինանսական միջոցներ կպահանջվեն: Հարց է ծագում. որտեղի՞ց, ի՞նչ աղբյուրներից պիտի այդ միջոցները գոյանան, եթե Հրազդան քաղաքը, բյուջետային առումով, առաջիկա 5 տարվա ընթացքում կարող է ամենաշատը մոտ 10 միլիոն դոլարի ակնկալիք ունենալ: Մեր իրողությունները նկատի ունենալով՝ այս ծրագիրն իրատեսական չէ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին