Կարևոր իրադարձություններ

Կարեն Վարդանյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ֆեյսբուքյան էջը (լուսանկար)

01 Ապրիլ, 2016 16:40
Կարեն Վարդանյանի սպանության մեջ կասկածվողներից  մեկի ֆեյսբուքյան էջը (լուսանկար)

Արդեն տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին հայտնաբերել են սպանված, ավտոտնակում: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել:

Ապրիլի 30-ին ՀՀ քրերական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորոության դեմ պայքարի գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի եւ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գեւորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնվածԱ. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:

Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են:Քննությունը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանի գործատու, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանցագոծության մասին հաղորդում էր ներկայացրել, քանի որ կասկածում էր` Կարեն Վարդանյանը խարդախության եւ թրաֆիքինգի զոհ է դարձել: Կարեն Վարդանյանի բարեկամներն էլ ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էին ներկայացրել նրա անհետ կորելու հետ կապված:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դաինել Իոնիսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ բերման ենթարկվածներից Գևորգ Զոհրաբյանն այն հարևանն է, ով չարաշահել էր Կարենի վստահությունը բնակարանն իր անունով գրանցելու համար:

«Դեռ ամիսներ առաջ գրանցել էր իր անունով, իսկ հիմա էլ նման կերպ է վարվել, որպեսզի ազատ կարողանա տնօրինի բնակարանը: Ինչ վերաբերվում է Կարենի հոգեհանգստին, դեռ որոշված չէ, քանի որ փորձաքննությունը շարունակվում է»,- ասել է  Իոնիսյանը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր իրենց ափսոսանքն ու ցավակցությունն են հայտնում Կարեն Վարդանյանի հարազատներին, բնութագրելով նրան որպես բարի ու դրական մարդ:

Նշենք, որ ցանցում օգտատերերը նաև կիսվում են Գևորգ Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջով ու դատապարտում նրա արարքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին