Կարևոր իրադարձություններ

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը

01 Ապրիլ, 2016 16:27
Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կբողոքարկի եկեղեցու պետականացման որոշումը

Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ օրեր առաջ արագացված կարգով պետականացվել էր Դիարբեքիրի Սուր շրջանի 80 տոկոսը: Պետականացված տարածքի մեջ են մտնում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, ասորական ու բողոքական եկեղեցիներ:

Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմնադրամները պատրաստվում են դատարան դիմել՝ որոշումը չեղարկելու համար:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այըքը հայտնել է, որ իրավաբանները սկսել են աշխատել այս ուղղությամբ և բողոքարկման դիմում կներկայացնեն դատարան:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի փաստաբաններից Ալի Էլբեյօղլուն իր հերթին նշելով, որ նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է ուղղել նույն խորհրդի նոր որոշմամբ, հավելել է. «Սակայն սա չպետք է թողնել վարչակարգի հայեցողությանը: Մենք պետք է իրավական գործընթացի շրջանակներում դատարան դիմենք»:

Իսկ Դպրեվանքի հիմնադրամի փաստաբաններից Օմեր Քանթիքը կարծում է, որ պետականացման որոշումն անօրինական է: Ըստ Քանթիքի՝ նախարարների խորհուրդը որոշումը կայացնելիս պետք է պարզաբաներ, թե որ հատվածը ինչու է պետականացվում, իսկ այժմ հայտարարությունները, թե պետականացման գործընթացը «բարի նպատակներ» ունի, իրավական տեսանկյունից չեն կարող մեղմել իրավիճակի լրջությունը: «Այն, որ եկեղեցին գրանցված է որպես պատմական հուշարձան, իրավիճակը չի փոխում: Կա՛մ Նախարարների խորհուրդը նոր որոշում կընդունի, կա՛մ էլ պետք է բողոքարկման համար դիմել դատարան»,-ասել է փաստաբանը: 

Նախարարների խորհրդի որոշումը փոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Վերջինս նշել է, որ հարցը քննարկելու համար հանդիպում է պահանջել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին