Կարևոր իրադարձություններ

Ինչ կորուստներ են գրանցել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը այս տարվա առաջին 3 ամիսներին (ինֆոգրաֆիկա)

01 Ապրիլ, 2016 15:58
Ինչ կորուստներ են գրանցել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը այս տարվա առաջին 3 ամիսներին (ինֆոգրաֆիկա)

Tert.am ը ներկայացնում է հունվարից մինչև ապրիլի 1-ը ընկած 3 ամսվա ժամանակահատվածում խաղաղ պայմաններում զենքի հետ անզգույշ վարվելու, այլ դժբախտ պատահարների, ինչպես նաև Ադրբեջանի հրահրած սահմանային միջադեպերի՝ ինչպես կրակոցների, այնպես էլ սադրանքների հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների մասին վիճակագրությունը: Վերջիններն ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմում:

 

1. Արամայիս Ոսկանյան, ժամկետային զինծառայող, զոհվել է հունվարի 9-ին՝ հակառակորդի կրակոցից

 

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

 

2. Սիմոն Ճավրշյան, ժամկետային զինծառայող, զոհվել է փետրվարի լույս 5-ի գիշերը` հակառակորդի կրակոցից

 

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել էր լարվածության նկատելի աճ, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:
 

3. Հակոբ Համբարձումյան, քաղաքացիական անձ, հովիվ, զոհվել է փետրվարի 11-ին` հակառակորդի արձակած կրակոցից

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավքաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
 

4. Դավիթ Տերտերյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 18-ին չպարզված հանգամանքներում մահացու վիրավորվել է


Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
 


5. Կամո Հովհաննիսյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 19-ին արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել

 

Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը։



 

6. Թեմուր Սուլոյան, ժամկետային զինծառայող, փետրվարի 19-ին արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել

 

Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թեմուր Շարիի Սուլոյանը:


7. Սարգիս Օհանյան, ժամկետային զինծառայող, մարտի 12-ի գիշերը հակառակորդին հակահարված տալու ընթացքում զոհվել է նռնակի պայթյունից


Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած գործողություններին հակահարված տալու ընթացքում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասումնռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:
 

8. Արտյոմ Վարդերեսյան, ժամկետային զինծառայող, զոհվել է մարտի 17-ին` հակառակորդի կրակոցից



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:

 

9. Հովհաննես Ռազմիկի Հարությունյան, ժամկետային զինծառայող, զոհվել է մարտի 17 –ին՝ զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում
 

Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:
 

10. Սևակ Հովհաննեսի Համբարձումյան , ժամկետային զինծառայող, հայտնաբերվել է մահացու հրազենային վիրավածքով՝ մարտի 24-ին


Մարտի 24-ին ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորմամբ հայտնաբերվեց պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Այս մասին հաղորդել էր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:


Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ պարտադիր ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

 

Նախնական քննության տվյալներով՝ զինծառայողին տարբեր առիթներով պարբերաբար վիրավորել, պատիվն ու արժանապատվությունն ստորացրել է նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը։

 

11. Քաղաքացիական անձ Նորիկ Ալիխանյան, վիրավորում հակառակորդի կրակոցից, մարտի 22-ին

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այսօր հակառակորդի կրակոցից վիրավորվել է նույն գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը՝ ուսի շրջանում: Հակառակորդի գնդակից սատկել է գյուղացիներից մեկի կովը:



12. Երվանդ Ֆիրյան, քաղաքացիական անձ, վիրավորվել է մարտի 25-ի լույս 26-ի գիշերը՝ արկակոծման հետևանքով

 

Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում ստացավ Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:


13. Պայմանագրային զինծառայող Հայկ Ռևազյան, մարտի 26-ին հակառակորդի կողմից ստացել է հրազենային վնասվածք


Տավուշի մարզի Կոթի գյուղում պայմանագրային զինծառայող Հայկ Ռևազյանը ուսի շրջանումստացել է հրազենային վնասվածք:
 

14. Սարգիս Մանուկյան, ժամկետային զինծառայող, մարտի 30-ին անհայտ պայմաններում էլեկտրահարվել է


Մարտի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում՝ էլեկտրահարված: Ս. Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

15. Դավիթ Գրիգորյան, ժամկետային զինծառայող, վիրավորվել է մարտի 30-ին
 

Պաշտպանական գծի առաջնագծում մարտի 30-ին վիրավորվեց ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանը: Այս մասին Tert.am-ին հայտնել էր Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


Դավիթ Գրիգորյանը Տավուշի մարզից է, 19 տարեկան: Զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական միտումներ կան:

 

Լրահոս

Դիտել ավելին