Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

01 Ապրիլ, 2016 10:21
Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը: 

 «Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձևավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով ևս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», - ընդգծել է քաղաքապետը: 
 Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետևողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Երևանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:
 «Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երևանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երևանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարևորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաև մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», - նշել է Սմբատ Լպուտյանը: 
 Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին