Կարևոր իրադարձություններ

Հայ և ռուս շուրջ 80 լրագրողներ կներկայացնեն Երևանի կյանքը. քաղաքապետարան

01 Ապրիլ, 2016 10:55
Հայ և ռուս շուրջ 80 լրագրողներ կներկայացնեն Երևանի կյանքը. քաղաքապետարան

Երևանն այս օրերին հայտնվել է  «Մեդիապոլիգոն. Երևան-24» ծրագրի շրջանակում մայրաքաղաք այցելած հայ և ռուս շուրջ 80 լրագրողների դիտակետում: Իննովացիոն կրթական այս ծրագիրը  ներառում է «Երևան-24» խորագրով յուրահատուկ մի միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները ներկայացնելու են Հայաստանի մայրաքաղաքի կյանքը՝ վաղ առավոտից մինչև հաջորդ առավոտ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տարբեր վարչությունների, ստորաբաժանումների, ինչպես նաև տարբեր ծառայությունների գործունեությանը ծանոթանալուց զատ, նախագծում ներգրավված լրագրողները կայցելեն նաև հիվանդանոց, ծննդատուն, թանգարան, դպրոց, մանկապարտեզ, մարզական, մշակութային և այլ հաստատություններ: Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կաջակցեն մասնակիցներին, կուղեկցեն նրանց տարբեր հիմնարկներ, կներկայացնեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների գործունեությունը:

Արդյունքում Երևանի մասին պատմող, երևանյան առօրյան ներկայացնող նյութերը 24 ժամվա ընթացքում կհրապարակվեն «Ռուսսկիյ  ռեպորտյոր» ամսագրի, ինչպես նաև ծրագրի գործընկեր «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերում՝ 24.rusrep.ru և arminfo.info հղումներով:

Ի դեպ, մոսկովյան «Էքսպերտ» մեդիահոլդինգի՝ «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի կողմից անցկացվող «Մեդիապոլիգոն. Երևան-24» նախագիծը թվով իններորդն է: Մինչ Երևանը, «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Հարկ է նշել, որ նախագծի շրջանակում Երևան են ժամանել Ռուսաստանի մի շարք հայտնի լրագրողներ, ովքեր, ինչպես նաև Հայաստանի ճանաչված մի շարք մասնագետներ, շուրջ մեկ շաբաթ վարպետաց դասեր կանցկացնեն ուսանողների հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին