Կարևոր իրադարձություններ

Որոշողը, ամե՛ն դեպքում, հրազդանցին է. «Հայոց աշխարհ»

01 Ապրիլ, 2016 08:10
Որոշողը, ամե՛ն դեպքում, հրազդանցին է. «Հայոց աշխարհ»

Ապրիլի 17-ին մի շարք համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանց շարքում մամուլում ավելի հաճախ հիշատակվում են Հրազդանում, նաեւ Թալինում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունները:
   Հրազդանի քաղաքապետի ընտրության վրա ավելի մեծ ուշադրություն է սեւեռված:

 

Առայժմ քարոզչական ակտիվություն ավելի շատ դրսեւորում է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը: Բնականաբար այդ աշխատանքների մեջ ներգրավված են նաեւ նրան առնչվող լրատվամիջոցները:

 


   Եվ հայկական իրողությունները հաշվի առնելով՝ երեւի բնական պետք է համարել նաեւ, որ այդ լրատվամիջոցները պարբերաբար սուր քննադատական ու հեգնախառն հրապարակումներով անդրադառնում են Հրազդանի քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքին, Կոտայքի մարզկենտրոնում իրենց նկատած այս կամ այն խնդրին:
   Այդ շարքում, օրինակ, արդեն երրորդ կամ չորրորդ անգամ անդրադարձ է արվում Հրազդանի քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող ֆինանսական օգնության խնդրին, շեշտադրմամբ, որ նախատեսված գումարի կեսից ավելին արդեն հատկացումներով տրամադրվել է շուրջ 150 քաղաքացիների:
   Այդ հանգամանքը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը տարբեր բացասական շեշտադրումներով օգտագործում է գործող քաղաքապետ եւ իրենց մրցակից թեկնածու Արամ Դանիելյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով:
   Այդ հարցի հերթական հակաքարոզչական արծարծմանը երեկ պաշտոնական պարզաբանմամբ արձագանքեց Հրազդանի քաղաքապետարանը: Պարզաբանման մեջ նշված է.


   «Հրազդան համայնքի 2016 թվականի բյուջեի առաջին կիսամյակի համամասնությունների շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական օգնությունների տրամադրման համար սահմանվել է շուրջ 9.775.000 դրամ, որից 4.887.500 դրամը նախատեսված է հատկացնել տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

 


   Միաժամանակ տեղեկացվում է, որ ֆինանսական օգնությունները, համայնքի ավագանու հետ քննարկման արդյունքում, հատկացվում են հասարակության՝ սոցիալապես անապահով տարբեր խավերի (այդ թվում՝ լինում են դեպքեր, երբ անհետաձգելի առողջական խնդիրներ ունենալու դեպքում, տարբեր հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ, աջակցություններ են ցուցաբերվում Հրազդան քաղաքում փաստացի բնակվող, գործունեություն ծավալող, համայնքի հետ որեւէ կերպ առնչություն ունեցող ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ համայնքային ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներին):


Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ Հրազդան համայնքի՝ 2015 թվականի տարեկան բյուջեով սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրված հատկացումները կազմել են շուրջ 29.585.000 դրամ, որից առաջին եռամսյակի ընթացքում հատկացվել է գրեթե 6.705.000 դրամ (2016 թվականի առաջին եռամսյակից 1.817.500 դրամով ավելի):


   Ցավալին այն է, որ կարիք ունեցող անձանց տրված ֆինանսական օգնությունները դարձել են շահարկումների առարկա ընտրարշավի այս շրջանում, որը մեր կողմից բոլոր ժամանակներում եղել է անընդունելի»:


   Դժվար չէ կռահել, որ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը կամ իր թիմակիցները էլի կանդրադառնան այս՝ արդեն նաեւ պարզաբանված խնդրին: Նախընտրական պայքարն ու դրա տրամաբանությունն են հուշում նման շարունակություն:
   Նույն քարոզչական տրամաբանությունն արտացոլվում է նաեւ Հրազդան քաղաքի տարբեր խնդիրները ներկայացնելու դեպքում: Պարզ է, որ չի կարող լինել որեւէ խոշոր բնակավայր, որտեղ ընդհանրապես խնդիրներ չլինեն: Ինչպես էլ պատահի, փնտրելով, թե առանց դրա, որեւէ անբարեկարգ փողոցի խնդիր մեջտեղ կգա:


   Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը նման փողոց Հրազդանում ֆիքսել է: Բայց եթե օրեր առաջ ներկայացրին այդ փողոցի վիճակն անձրեւից հետո, կամ ներկայացրին Հրազդանի շենքերից մեկի ունեցած խնդիրը, ապա հիմա արդեն նույն վիճակը վերագրում են Հրազդանի բոլոր փողոցներին ու բոլոր շենքերին: Նախընտրական քարոզչությունը թեկնածուներից մեկի ներկայացուցիչների համար նման չափազանցությունների եւ ցուցադրական ակցիաների հարմար առիթ է, փաստորեն:


   Ինչ վերաբերում է Հրազդանում արդեն մեկնարկած քարոզարշավին, պետք է նկատել, որ առայժմ սովորական ընթացք է: Դեռ շատ բան առջեւում է, բայց նկատվում են նաեւ կողմերի հիմնական մոտեցումները: Սասուն Միքայելյանը, օրինակ, շեշտը դրել է նրա վրա, որ ժողովրդին հուսախաբ չի անի: Դեռ ժամանակ կա, որ կոնկրետանան, բայց մինչեւ հիմա Ս.Միքայելյանը, Ն.Փաշինյանը կենտրոնացած են ոչ թե իրենց արժանիքները, ծրագրերը ներկայացնելու, այլ քաղաքապետ Արամ Դանիելյանին փնովելու վրա:


   Ինչ էլ ասվի՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության, առաջադրված թեկնածուների ծրագրերի թիրախը, նախեւառաջ, քաղաքի ու հրազդանցիների խնդիրների լուծումը պիտի լինի: Ինչքան էլ գեղեցիկ ճառեր կամ սուր հայտարարություններ արվեն այս կամ այն քաղաքական գործչի կողմից, որոշողը, ամե՛ն դեպքում, հրազդանցին է: Իսկ նրա կողմնորոշումն էլ կախված է նրանից, թե կոնկրետ իրեն հուզող տեղական հարցերը լուծելու համար այս կամ այն թեկնածուն կոնկրետ ինչ է առաջարկում:


   Սասուն Միքայելյանը, ցավոք, առայժմ ոչինչ չի առաջարկել։

 

Լրահոս

Դիտել ավելին