Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենահզորները. Շաբաթի TOP 10 (տեսանյութ)

24 Հոկտեմբեր, 2015 11:42
Հայաստանի ամենահզորները. Շաբաթի TOP 10 (տեսանյութ)

 

Այս ամիս Հայաստանի ամենահզոր մարդկանց կազմում դարձյալ էական փոփոխություններ են եղել: Տասնյակը լքել են Բակո Սահակյանը և Սամվել Կարապետյանը, ամենաթռիչքային վերելքը գրանցել է նախկին գլխավոր դատախազը, իսկ տասնյակի վերջին համարն իր հայտնությամբ ցնցել է քաղաքական ողջ դաշտը: Եվ այսպես.

 1.   Սերժ Սարգսյան

Հայաստանի ամենազորեղ Նախագահը հաստատակամ և հանդարտ շարունակում է իր հաղթական ուղին թե՛ միջազգային և թե՛ տեղական մարտադաշտերում: Նա Աստանայում ապացուցեց, որ իր եվրասիական գործընկերների հարազատ ու ջերմ բարեկամն է:  Վենետիկի հանձնաժողովի կողմից օրհնված նրա սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկեց խորհրդարանի 80 տոկոսը: Հազիվ էին այս բոլոր հաջողությունները մարսվել նրա քաղաքական հակառակորդների կողմից, երբ նոր շունչ ստացավ ԵՄ-Հայաստան համագործակցությունը, իսկ Մադրիդում նա ընդունվեց որպես ժողովրդավար ու առաջադեմ եվրոպական առաջնորդ:

 2.   Հովիկ Աբրահամյան

Նա ստացավ նոր նշանակում և դրա հետ միասին հերթական փորձությունն իր երկարատև իշխանական կարիերայի ընթացքում: Սահմանադրական փոփոխություններին «Այո» ասելու թիվ մեկ պատասխանատուն դարձավ հրապարակային նոր քննադատության թիրախ: ՀՀԿ նախընտրական շտաբի պետ վարչապետը ևս մեկ անգամ կապացուցի իր անփոխարինելի լինելն իշխանական թիմի համար, երբ որպես հաղթող վերանվաճի իր ներկայիս դիրքն իշխանական այս տասնյակում:

 3.   Գագիկ Խաչատրյան

Նա սուպերհզոր է, բայց չի տառապում դա ցուցադրելու մոլությամբ: Փիարով երբեք  չտարվող և իր հզոր դիրքը համեստորեն յուր թիմի համար ծառայեցնող պաշտոնյան կայուն շարունակում է մնալ ամենահզորների եռյակում և տիրապետել երկրի ամենախոշոր ֆինանսատնտեսական համակարգը:

 4.   Գորիկ Հակոբյան

Կառավարության նիստերին նա կարողանում է իրեն հատուկ հումորով հարթել բոլոր կնճիռներն այնպես, ինչպես  հաղթահարում է բոլոր ոտնձգություններն իշխանության դեմ: Չնայած մամուլում իր տարիքի դեմ պատվիրվող առանձին կսմիթների՝ նա կարողացել է պահպանել զգոնությունը, ուժը և արդյունավետությունը, ինչպես նաև մեկ կետով բարելավել իր դիրքերը հզորների տասնյակում:

 

5.   Վիգեն Սարգսյան

Հանրապետության ամենաինտելեկտուալ պաշտոնյաներից մեկը բարեհաջող ավարտեց 100-ամյակի միջոցառումների իր ծրագիրը: Նա ամենուրեք ուղեկցում և օգտակար է լինում իր ղեկավարին, բայց և հասցնում է հաջողությամբ մասնակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: Այս արդյունավետ գերակտիվությամբ և սեփական քաղաքական խաղերի իսպառ բացակայությամբ նա հայտնվել է ամենահզորների հինգերորդ հորիզոնականում:

 6.   Տարոն Մարգարյան

Ի հեճուկս բոլոր չարախոսությունների, խարդավանքների ու խոչընդոտների՝ նա իր համառ աշխատասիրությամբ կարողացավ իրապես հզոր կերպով տոնել մայրաքաղաքի օրը: Նա հասցրեց իր հարկի տակ շքեղորեն նշել նաև ուսուցչի օրը: Երևանի համար օգտակար տարբեր ծրագրերով նա կարողացավ իրենով անել նաև շատ այլ օրեր: Վեց երեխաների հորն այս ամենը դարձրեց վեցերորդը մեր տասնյակում:  

 

7.   Աղվան Հովսեփյան

Նա ամենամեծ իշխանական աճն է արձանագրել այս ամիս՝ տասներորդ հորիզոնականից հասնելով յոթերորդը: Իր նոր շենքի բացմանը Նախագահի հետ ներկայանալով, իր մասնագիտական տոնին իշխանական ողջ էլիտային իր կողքը նստեցնելով և բոլոր քրեական գործերում հսկայական ազդեցություն ունենալով՝ նա գրանցեց երեք կետի հզորացում և առաջացրեց իր մրցակիցների զայրույթն ու նախանձը:

 

8.   Վովա Գասպարյան

Նա պահպանում է իր տեղն ամենահզորների տասնյակում, բայց այլևս չի դառնում հանրային ակտիվ քննարկման թիրախ: Նա թերևս վիրավորվել ու հիասթափվել է հանրությունից և լրատվամիջոցներից, ինչի հետևանքով դարձել է ավելի ինքնամփոփ և մեկուսի: Հրապարակային ակտիվության նվազումը և ապագա գործընթացներում նրա կարևորումը վերադարձրել են նրա դիրքերն ամենահզորների կողքին:     

 

9.   Սեյրան Օհանյան

Պատերազմական գործողությունները բարեբախտաբար դադարեցին, իսկ դրա հետ մեկտեղ նվազեց նրա հանրային ու իշխանական գերարժևորումը: Նույնիսկ իր ամենահամեստ հրապարակային դրսևորման և ապագա նախագահական մրցապայքարի ֆալստարտից հետո նա շարունակում է մնալ այս տասնյակում, սակայն ամենամեծ անկում գրանցելու պայմանով (մեր տասնյակի չորրորդ տեղից հայտնվել է իններորդում):  

 

10.   Տիգրան Սարգսյան

Նա վերադարձավ, ինչպես մի քաղաքական ուրվական, և չափազանց վախեցրեց այս տասնյակում արդեն վաղուց տնավորված մի քանիսին: Երևան-Վաշինգտոն-Մոսկվա չվերթը կարող է ի վերջո ավարտվել Երևանի մի բարձր իշխանական աթոռի վրա: Հենց միայն այս պոտենցիալով ու անակնկալ վերելքով նա կարողացավ հարգանք և անհանգստություն ներշնչել ողջ իշխանական էլիտային ու շեշտակիորեն մտնել ամենահզորների տասնյակ:

 

Այս շաբաթ ամենահզորների Top 10-ից օբյեկտիվորեն դուրս են մնացել Բակո Սահակյանը (ամենևին չի թուլացել, պարզապես հզորներն են շատացել), Գևորգ Կոստանյանը (Փերինչեքի հաղթանակը դարձյալ ուժեղացրեց նրան, բայց տասնյակում տեղերն էին սպառվել), Գագիկ Հարությունյանը (ըստ ընդդիմադիրների, նա է հաջորդ նախագահը, սակայն այս տասնյակում ավանսով տեղ չի տրվում),  Սամվել Կարապետյանը (միայն ՀԷՑ-ի գնումով դժվար է դիմանալ ամենահզորների թեժ մրցակցությանը), Դավիթ Հարությունյանը (ակտիվացել է, նիհարել ու թարմացել, սակայն դեռևս մնում է թիվ 2 թիմում),  Գալուստ Սահակյանը (նա դեռևս առաջատար է միայն չսիրվածների տասնյակում): Չեն հաջողել այս շաբաթ պատկառելի շատ այլ այրեր: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:


Շաբաթի թղթակցակազմի և իր դիտարկումները ամփոփեց ու ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Լրահոս

Դիտել ավելին