Կարևոր իրադարձություններ

Այսօր ՄԱԿ–ի օրն է

24 Հոկտեմբեր, 2015 09:39
Այսօր ՄԱԿ–ի օրն է
ՄԱԿ-ի օրվա առթիվ ուղերձով հարդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նա ասել է, որ ազգային դրոշները հպարտության ու հայրենասիրության խորհրդանիշ են աշխարհի ցանկացած երկրում, բայց աշպարհում կա միայն մեկ դրոշ, որը պատկանում է բոլորին:

Բան Կի Մունի ուղերձում ասվում է. «Միավորված ազգերի կազմակերպության կապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար դեռ այն ժամանակ, երբ մեծանում էի պատերազմական Կորեայում: 70 տարի անց էլ ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար:
Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունը կերակրում է քաղցածներին ու ապաստան տրամադրում անօթևաններին, պատվաստում երեխաներին, պաշտպանում բոլորի իրավուքնները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից:
ՄԱԿ-ի խաղաղապահները մարտերի առաջին գծում են, իսկ պատերազմող կողմերը ՄԱԿ-ի միջնորդների ջանքերով են նստում խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ:
ՄԱԿ-ն աշխատում է յոթ միլիարդ մարդուց բաղկացած մի ընտանիքի համար և հոգ տանում Երկիր մոլորակի մասին:
Բացի այդ, ՄԱԿ-ի բազմազան ու տաղանդավոր աշխատակազմն է, որ նպաստում է կյանքի կոչել ՄԱԿ-ի կանոնադրությունը:
ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը աշխատակազմի անձնվիրությունը գնահատելու առիթն է, ինչպես նաև՝ հարգանքի տուրք մատուցելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհել են իրենց կյանքը:

Աշխարհը կանգնած է բազում ճգնաժամերի դիմաց, իսկ մենք պետք է շարունակենք առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրության հավերժական արժեքներով»: 

Բան Կի Մունն ասել է, որ ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձի առթիվ աշխարհում բազմաթիվ շենքեր ու հուշարձաններ կլուսավորվեն ՄԱԿ-ի դրոշի կապույտ գույնով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ն ավելի պայծառ ապագա է ստեղծելու:


Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը՝ ՄԱԿ միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Կառույցի գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացյալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942 թվականի հունվարի 1-ին ստորագրված Միացյալ Ազգերի հռչակագրում։

ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, և ստորագրվել 1945թ. հունիսի 26-ին` 51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարեթիվը (հոկտեմբերի 24) նշվում է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության օր։ Ներկայումս ՄԱԿ-ին անդամակցում են 193 երկիր։ Գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում։
 

Լրահոս

Դիտել ավելին