Կարևոր իրադարձություններ

Օսկանյանը միակ գործիչը չէ, ում հիշողությունը բարձր մակարդակի վրա չէ. «168 ժամ»

24 Հոկտեմբեր, 2015 09:29
Օսկանյանը միակ գործիչը չէ, ում հիշողությունը բարձր մակարդակի վրա չէ. «168 ժամ»

Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես Է եկել սահմանադրական փոփոխությունները քննադատող հերթական գրառմամբ։ Նա հրեն բնորոշ կոռեկտ ոճով ներկայացրել Է սահմանադրական փոփոխությունների վտանգները, արձանագրել Է, որ դրանց արդյունքում Հայաստանն իրականում անցում Է կատարելու ոչ թե՝ խորհրդարանական, այլ՝ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի։ Նախկինում ևս Վարդան Օսկանյանը հանդես Է եկել սահմանադրական փոփոխությունները քննադատող, ի դեպ, բավական հիմնավոր հրապարակումներով։ Խնդիրը, սակայն, Օսկանյանի գնահատականների փաստարկվածությունը չէ, այլ գտնվում է բոլորովին այլ հարթությունում, որը պայմանականորեն կարելի է անվանել բարոյականություն։ Իսկ երբ խոսքը քաղաքականության ու քաղաքական գործիչների մասին է, երևույթն այդ կոչվում է քաղաքական բարոյականություն։ Ու այդ հարթությունում հնչող առաջին հարցն այն է՝ արդյո՛ք Վարդան Օսկանյանը բարոյական իրավունք ունի քննադատելու սահմանադրական փոփոխությունները և հանդես գալու այնքան ճերմակ ձեռնոցներով, որքան երևակվում են նրա սոցցանցային գրառումներից։ Նա խոսում է այնպիսի բարձր դիրքերից, իր գնահատականներում շոշափում է այնպիսի վեհ կատեգորիաներ, որ տպավորություն է ստեղծվում, թե ընթերցում ես ոչ թե՝ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած, նույնքան տարի աշխարհի առաջ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը, ժողովրդավարական ազատությունների բռնաբարումը լղոզող, 2008թ. մարտի 1-ի սպանությունների համար անձամբ գաղափարափիլիսոփայական հիմնավորումներ ներկայացրած պաշտոնյայի գրառումը, այլ Դալայ Լամայի մենագրությունն ազնվության ու արդարամտության մասին։

 

Բայց Օսկանյանը միակ գործիչը չէ, ում հիշողությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ։ Վերջին հաշվով, հիշողությունը «փիս խասյաթ» ունի՝ դավաճանում է։ Այո, Օսկանյանը միակը չէ։ Նույն պատկերն է, ըստ էության, բոլոր նախկին պաշտոնյաների պարագայում։ Նրանց թվում է, որ մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որքան իրենց պաշտոնավարման տարիներին պետության համար արված դրական գործերի ցուցակը։ Մինչդեռ այս և բազմաթիվ այլ պաշտոնյաների ամենաարժեքավոր հայտարարությունը պետք է լիներ լռությունը... Կարելի է վստահաբար ասել, որ հայ հասարակությունը նույն պատկերին ականատես է լինելու նաև 5, 10 տարի անց, երբ այսօրվա իշխանությունները դառնան նախկին պաշտոնյաներ ու սկսեն «մաքրագործվածի» դիրքերից քննադատել ապագա իշխանություններին։

 

 Առհասարակ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե՝ նյութական ռեսուրսների, օգտակար հանածոների, այլ՝ քաղաքական բարոյականության կորուստն է։ Հայաստանում գոյություն չունի ո՛չ բարոյական քաղաքականություն, ո՛չ էլ քաղաքականության բարոյականություն։ Հայաստանը դարձել է մի տիրույթ, որտեղ հաղթում է ստորը, քծնողը, դավաճանն ու երկերեսանին։ Նյութական, առարկայական հարյուրավոր խնդիրների առկայության պայմաններում այս մասին խոսելը կարող է անտեղի թվալ, բայց իրականում սա ամենախորքային խնդիրն է, որը ժամանակի ու տարածության մեջ մաշելու է պետությունն ու պետականությունը։ Որովհետև առանց մարդու չի կարող լինել պետություն։ Իսկ առանց բարոյականության չի կարող լինել մարդ։ ՈրևԷ պարագայում:


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին