Կարևոր իրադարձություններ

Ագրարային համալսարանը նշել է իր 85-ամյակը

23 Հոկտեմբեր, 2015 19:17
Ագրարային համալսարանը նշել է իր 85-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Հանրապետության Նախագահի հետ համալսարան է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին:

Հանրապետության Նախագահը եղել է նաև ՀԱԱՀ-ում 2001 թվականից գործող Շախմատի թանգարանում, որտեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը և այլ ուշագրավ տեղեկատվություն:
Սերժ Սարգսյանն այնուհետև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և միջոցառմանը հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ համալսարանի դահլիճում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Բուհի հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահը գիտության և կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական պարգևներով, խրախուսել՝ շնորհակալագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին