Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱԱՀ հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումներին

23 Հոկտեմբեր, 2015 18:32
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱԱՀ հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին:

Հանրապետության Նախագահը եղել է նաև ՀԱԱՀ-ում 2001 թվականից գործող Շախմատի թանգարանում, որտեղ ներկայացված են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող արժեքավոր նյութեր, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը և այլ ուշագրավ տեղեկատվություն:

Սերժ Սարգսյանն այնուհետև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և միջոցառմանը հրավիրված բազմաթիվ հյուրերի հետ համալսարանի դահլիճում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Բուհի հոբելյանի կապակցությամբ ՀՀ Նախագահը գիտության և կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական պարգևներով, խրախուսել՝ շնորհակալագրերով:

 

Լրահոս

Դիտել ավելին