Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի թաղապետի կտրված ճկույթը Վլադիմիր Գասպարյանին, Շառլ Ազնավուրի դստեր սպառնալիքը Հայաստանին. Ամենաքննարկվածների TOP 10

26 Մարտ, 2016 16:06
Արաբկիրի թաղապետի կտրված ճկույթը Վլադիմիր Գասպարյանին,  Շառլ Ազնավուրի դստեր սպառնալիքը Հայաստանին. Ամենաքննարկվածների TOP 10

 

Վերջին մեկ ամսում հանրությանն ամենից շատը հետաքրքրել են.

 

 1.      Նիկոլ Փաշինյան

ՀԱԿ-ից հեռացած պատգամավորն այս ամիս լրատվական հարայ-հրոցով իր նախկին կուսակիցներից պահանջեց ՀԱԿ-ին պատկանող ընտրական հանձնաժողովների տեղերը և ստացավ աղմկահարույց մերժում: Բազմաթիվ սենսացիաների հերոսը Հրազդանի քաղաքապետի ձանձրալի ընտրությունները վերածեց մի հետաքրքրաշարժ քաղաքական դրամայի՝ սուր տրիլլերի տարրերով, քանի որ մեն-մենակ գնաց ու ահաբեկեց Հրազդանի դպրոցների տնօրեններին, իսկ նրա մրցակիցներն այդ ընթացքում գաղտնի նկարահանեցին նրան, ինչի կապակցությամբ էլ նա բողոքեց ԱԱԾ պետին:

 2.      Հովհաննես Վարդանյան (Լիդեր)

Նրա տարիներ առաջ կտրված ու Վլադիմիր Գասպարյանին ուղարկված ճկույթի լեգենդ-իրապատումն այս ամիս դարձավ հանրության մեծ ուշադրության առարկա, երբ ինքնազոհ և նվիրված Լիդերը դարձավ Արաբկիր համայնքի առաջնորդ: Ոմանք ոստիկանապետից պահանջեցին հետ վերադարձնել հարգարժան թաղապետի ճկույթը, իսկ ոմանք էլ հասկացան, թե ինչ անվախ և ուժեղ թաղապետ են բերել Երևանի ամենաընդդիմադիր համայնքի գլխին: Ոմանք էլ նրա պաշտոն ստանալն ընկալեցին որպես քաղաքական մեծ խաղի մաս:  

 3.      Բարաք Օբամա

Այս ամիս աշխարհի ամենահզոր սևամորթը դարձյալ պատմական նվաճում արձանագրեց. նա այցելեց Կուբա: Աշխարհի, այդ թվում Հայաստանի լուսարձակները նրա վրա կենտրոնացան ոչ միայն այս պատմական այցի պատճառով, այլև մի հետաքրքրաշարժ միջադեպի արդյունքում: Միացյալ Նահանգների ամենազոր նախագահը փորձեց մեծավարի Կուբայի առաջնորդի ուսին թփթփացնել, իսկ խորամանկ ծերուկը բռնեց իր բարձրահասակ հյուրի ձեռքը և սկսեց այն օդում թափահարել:

 4.      Միհրան Պողոսյան

ԴԱՀԿ պետն այսքան քննարկված դարձավ, քանի որ մամուլում շրջանառության մեջ դրվեց նրա՝ Ոստիկանապետ դառնալու մոտակա հնարավորությունը: Այս լուրից ահաբեկված առանձին ուժեր սկսեցին անխնա հարձակվել երկրի գլխավոր հարկադիր կատարողի վրա: Տարաբնույթ հարձակումներից ամենաարծարծվածն աճուրդի հանված գիշերանոթների պատմությունն էր, ասես ԴԱՀԿ-ն է մեղավոր, որ օրենքի տառին համապատասխան պետք է աճուրդի հանի պարտապանների անձնական ողջ գույքը:

 

 5.      Ռուբեն Հայրապետյան

Նա դարձյալ ֆուտբոլասերների ուշադրության կիզակետում հայտնվեց՝ հայտարարելով, որ քանի դեռ ինքն է ղեկավարում ֆուտբոլի ֆեդերացիան, Մովսիսյանը, Արզումանյանը և Կասպարովը չեն լինելու երկրի հավաքականի կազմում: Նա նաև սպառնաց ՖԱՖ-ի ոտքն արգելել իր ֆուտբոլային մարզադաշտեր, եթե այն շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել: Այս խիստ ու անկեղծ հայտարարություններից վախեցած՝ Սպորտի նախարարը ձևացրեց, որ ընդհանրապես ոչնչից տեղյակ չէ, իսկ ՖԱՖ-ի ղեկավարն էլ զգուշավոր ու վախվորած հայտարարություն տարածեց:]

 

 6.      Լևոն Մկրտչյան

Վերջապես կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն ամենաքննարկվածների տասնյակ է մտնում ոչ թե «սելֆի», «ֆլեշ մոբ», «հեռուստաշոու»,  «կաբինետի պատերի գույն» բառերով, այլ «ավագ դպրոց», «մագիստրատուրա», «կրթության արդյունավետություն» և իր ոլորտին առնչվող այլ արտահայտություններով ու գործերով: Բոլորի համար պարզ դարձավ, որ սովորական կրթության և գիտության նախարարն իր համեստ, բայց մասնագիտական գործունեությամբ կարող է նույնքան հետաքրքիր ու քննարկված լինել, որքան բլոգեր, հաղորդավար, երգահան, կուսկազմակերպիչ նախարարը: Փա՛ռք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային:

 7.      Գևորգ Սաֆարյան

Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ ճանաչված Սաֆարյանի ազատության համար այս ամիս ևս կատարվեցին բազմաթիվ իրավական գործողություններ, բերվեցին մի շարք բողոքներ, անցկացվեցին տասնյակ ակցիաներ: Ամենից շատը քննարկվեց շուրջ մեկ տասնյակ կանանց բողոքի ակցիան և այդ կանանց դեմ կատարված ոստիկանական գործողությունները, այդ թվում՝ արյունլվիկ գլխով գետնին ընկած կինը: Սաֆարյանի կալանքն անհամաչափ որակելով՝ նրա քաղբանտարկյալ լինել-չլինելու քննարկումներին վերջակետ դրեց Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին:

 8.      Գալուստ Սահակյան

Այս ամիս Էդուարդ Շարմազանովին և Արտակ Զաքարյանին ցնցեց մամուլի մի հրապարակում, ըստ որի մի քանի հանրապետականներ անհամբեր սպասում են Գալուստ Գրիգորիչի հեռանալուն, որպեսզի զբաղեցնեն նրա թափուր տեղը: Այնուհետև քննարկվեց  ու հենց հանրապետականների կողմից անբարոյականություն հռչակվեց նման կարիերիստական երազանքներ ունենալը: Հետո քննարկվեց ԱԺ նախագահի Գերմանիա մեկնելու և այնտեղ բուժվելու լուրը: Վերջում Սահակյանը տերմինատորի պես վերադարձավ և սովորականի պես քննարկվեց որպես ամենատարօրինակ քաղաքական մտքերի շտեմարան:

 9.      Գևորգ Պետրոսյան

Քաղաքական քննարկումների ընթացքում դեռ ոչ մեկին հրապարակայնորեն «պիդառաստ» չէին կոչել: Լյովա Խաչատրյանը նախկին կուսակցին այդպես վիրավորելով պահել էր Նաիրա Զոհրաբյանի թասիբը: Պետրոսյանը դեռ չի արձագանքել այս դաժան պիտակավորմանը, մինչդեռ ագրեսիվորեն հակադարձել էր կուսակցապետ տիկնոջը, երբ վերջինս Պետրոսյանի ու Վահան Բաբայանի հեռանալը որակել էր կուսակցության ինքնամաքրում: Սոցապ նախարարի պաշտոնում կարճատև ու անհաջող աշխատած նախկին ԲՀԿ-ականն այժմ էլ դատարանի օգնությամբ է փոձելու վերադառնալ իրեն դաժանորեն վիրավորող կուսակիցների շարքեր:

 

 10.  Սեդա Ազնավուր

Շառլ Ազնավուրի դուստրն այս ամիս կարողացավ գրավել հայկական լրատվամիջոցների ուշադրությունն իր երկու ֆեսյբուքյան գրառումներով: Նախ նա Հայաստանի նախագահին խնդրեց ազատել Վարդան Պետրոսյանին, ինչի կապակցությամբ ստացավ երկրի ղեկավարի քաղաքավարի և հանգամանալից արձագանքը: Այնուհետև իր հոր ամենազորությամբ տոգորված դուստրը սպառնաց Հայաստանին զրկել իր հոր ամեն տեսակ աջակցությունից, քանի որ բավարարված չէր իր խնդրագրի արդյունքից: Այսպիսով, Մեծ մարդու երես առած տարեց բալիկը զարմացրեց շատերին և դարձավ քաղաքական սկանդալի հերոս:

 

Լրահոս

Դիտել ավելին