Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 19-ից նախաքննական մարմնի միջնորդությամբ ժամանակավոր դադարեցվել են «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Տարածված տեղեկությունների համաձայն, Մ. Պողոսյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ում: Խոսքը վերաբերում է խոշոր չափերի կաշառք ստանալու փաստին:
Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում է նշանակվել 2015 թվականի մարտի 18-ից ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, այսինքն իր պաշտոնում նա աշխատել է ընդամենը 7 ամիս: Նրա դեմ հարցուցված քրեական գործում կան ուշագրավ փաստեր, քանի որ խոսակցություններ կան, որ վերջին շրջանում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի և Մանուկ Պողոսյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և չի բացառվում, որ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը հենց դրա հետևանքն է:
Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախագահին բողոքել է, թե Վահրամ Շահինյանը թաքցրել է իր բարեկամի կատարած հանցագործությունը, ինչը, սակայն ՀՔԾ պետին հաջողվել է հերքել:Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Մանուկ Պողոսյանը Գևորգ Կոստանյանի մտերիմներից է և Պողոսյանի դեմ գործ հարուցելով, ըստ էության, Շահինյանը հարված է հասցրել Կոստանյանին:
Այսօր տարածված տեղեկություններից կարելի է առանձնացնել, որ Վահրամ Շահինյանը Մանուկ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցել կալանավորի հեռախոսային խոսակցության ձայնագրության հիմքով: Տարածված տեղեկությունների համաձայն, կալանավորներից մեկը զանգել է իր եղբորը և ասել, թե պետը կգա, պետք է համազգեստից/սպարտիվկա/ մեկը տալ նրան: Պողոսյանը գնացել-վերցրել է համազգեստը, ՀՔԾ-ն էլ նրա տնից առգրավել էայն , իսկ խանութից տեսաձայնագրությունը, որտեղ երևում է, որ պետը գումար չի վճարել, ինչից հետո էլ գործ է հարուցվել:
Նշենք, որ Արդադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հաստատել է, որ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն այլ մանրամասներ՝ մասնավորապես թե ինչ քրեական գործով է անցնում Պողոսյանը, չի մանրամասնել:
Ուսումնասիրելով ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի գործունեությունը, նշենք, որ նա դատախազության համակարգում երկար տարիների փորձ ունի, իր ներկայիս պաշտոնում է նշանակվել 2013թ. մայիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով: Շահինյանը 1999 - 2004թթ. եղել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազ, իսկ 2004 - 2007 թթ. Արմավիրի մարզի դատախազ:
Իսկ Մանուկ Պողոսյանը մինչ «Վարդաշեն» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, եղել է ՀՀ արդարադատության նախարարության «Էրեբունի» ՔԿՀ պետի տեղակալ: Մանուկ Պողոսյանի լիազորությունների ժամանակավոր դադարեցման խորհրդավորությունը և այդ պատմության մեջ շրջանառվող անունների առկայությունը ստիպում է ենթադրել, որ այս խմորը դեռևս շատ ջուր կքաշի և միանգամայն հասկանալի կլինի, եթե մի օր էլ միջադեպն անցնի պատմության գիրկը: