Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 22-րդ տարեշրջանը (լուսանկարներ)

23 Հոկտեմբեր, 2015 17:15
Մեկնարկել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 22-րդ տարեշրջանը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանում Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոն՝ «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացմանը։ «Գթության խոհանոց»-ը ծրագիր է, որի շնորհիվ Երևանի մի շարք վարչական շրջանների շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացիներ օրական մեկ անգամ տաք և կալորիապես հագեցած ճաշ են ստանում։ Գերմանական կարմիր խաչի բարեգործական կենտրոնում 22 տարի կյանքի կոչվող «Գթության խոհանոց» ծրագիրն արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։

Բարեգործական ծրագրի տարեշրջանի բացմանը ներկա է եղել նաև ծրագրի երկարամյա աջակից ու համակարգող՝ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել «Գթության խոհանոց» ծրագրի գործընկերներին՝ այն հետևողականությամբ իրականացնելու համար։
«Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և վերջին երեք տարիներին առավել արդյունավետ է դարձել։ Համագործակցելով հարգարժան Կառլ-Հայնց Շայդեի հետ՝ մենք իրականացնում ենք նաև «Արտագնա սպասարկում» ենթածրագիրը, և այսօր արդեն 125 քաղաքացիներ են օգտվում դրանից։ Լիազորված եմ Երևանի քաղաքապետի անունից վստահեցնել, որ քաղաքապետարանը հետայսու էլ, իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում շարունակելու է այս համագործակցությունը ամրապնդել և ծրագիրը զարգացնել»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ևս նկատել է, որ ծրագիրը հաջողվածներից է, և վստահեցրել է, որ իր իրավանախորդի օրինակով շարունակելու է աջակցել մարդասիրական այս ծրագրի իրականացմանը։
Այնուհետ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար քահանա Կառլ-Հայնց Շայդեն ծրագրի տարեշրջանը հայտարարել է բացված, ինչից հետո շահառուներին ուղեկցել են տոնական ձևավորված ճաշարան՝ ճաշկերույթի, որը շահառուների, ինչպես նաև խոհանոցի աշխատակիցների վստահեցմամբ, բացառությամբ տոնական օրերին մատուցվող գինուց, գրեթե չի տարբերվում առօրեական ճաշից։

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին