Կարևոր իրադարձություններ

Անկանխատեսելի պայքար Աշոտյանի պորտֆելի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար

23 Հոկտեմբեր, 2015 15:51
Անկանխատեսելի պայքար Աշոտյանի պորտֆելի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քաղաքական դաշտում առկա լարվածությունը դրսևորվում է ամենատարբեր մեկնաբանություններով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքական կուլիսներում արդեն մեկնարկել են ամենատարբեր պաշտոնները ներքին կարգով, երբեմն էլ բացահայտ մեջ-մեջ անելու  գործընթացները:

Այս համատեքստում ամենացանկալի պաշտոնը և հետևաբար ամենանախանձելի իրավիճակում են հայտնվել ԿԳՆ Արմեն Աշոտյանը և նրա պորտֆելը, որի շուրջ կրքերը բորբոքվում են ՀՅԴ-ում և ԲՀԿ-ում: Եվ մինչ երկու կողմերն էլ ամենատարբեր առիթներով հայտարարում են, որ նման բան չկա, խոսակցությունները ավելի մեծ թափով են շրջանառվում:

Օրերս, օրինակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Shabat.am-ի հետ զրույցում անդարդարձավ ՀՅԴ-ի՝ նախարարական պորտֆելի ցանկությանը և կոչ արեց այդ թեման բարձրաձայնողների պատվիրատուներին դադարեցնել շանորդությունը:

Ի տարբերություն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ում այդքան զգացմունքային չեն վերաբերվում այս խոսակցություններին:  ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը պարզապես կարծում է, որ այս պահի դրությամբ այդ հարցը տեղին չէ: Նրա խոսքով, ԲՀԿ-ում նման քննարկումներ չեն եղել:

Այսօր մենք նրանից հետաքրքվեցինք, թե ԲՀԿ-ում պայքար գնում է Աշոտյանի պորտֆելի համար, ինչին ի պատասխան Բաբայանը զարմանքով նշեց.  «Իսկ ինչու պետք է պայքար գնա ԲՀԿ-ում կոնկրետ այդ պաշտոնի համար: Ես մի քիչ ճիշտ ասած չեմ կարողանում պատկերացնել: Դա կարող է որոշ գործիչների վերլուծական մտքի արտահայտումներն են, բայց  դրանից ավելի այս պահի դրությամբ, մեկնաբանելու ոչինչ չունեմ»,-ասաց Բաբայանը:

ԲՀԿ խոսնակը հստակ չխոսեց  նաև, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԲՀԿ-ն հավակնում է արդյոք նախարարություններից որևէ մեկում պորտֆել ստանալ:

Աշոտյանի պորտֆելի համար պայքարի մասին խոսակցությունները նոր չեն շրջանառվում, դրանք պարզապես նոր թափ են ստացել վերջին շրջանի ամենաանսպասելի նշանակումից հետո:

Նախկին վարչապետ՝ նույն ինքը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բավական երկար լռությունից հետո կարողացավ իրար խառնել հայաստանյան քաղաքական դաշտը: Այդպիսով, բացի նախարարական ցանկալի պորտֆելներից, կա նաև ավելի գայթակղիչ դեսպանի աթոռը:

Ի դեպ, քանի դեռ անտեսանելի ուժերը պայքարում են Աշոտյանի պորտֆելի համար, ոչ պակաս ակտիվորեն էլ շրջանառվում է նրա անունը՝ որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածու:

Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները և թե ով ում կփոխարինի, դեռևս դժվար է ասել, քանի որ Սերժ Սարգսյանն այս պահին դեռևս չի հնչեցնում որևէ անուն:

Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզանում որոշումներն ու դրանց հաջորդող նշանակումները բավականին անսպասելի են լինում, իրադարձությունները կարող են զարգանալ ամենատարբեր ուղղություններով:

Այս իրավիճակում միայն հաստատ է այն, որ մեզ դեռ ավելի վատ ժամանակներ են սպասվում, որտեղ դժվար է լինելու տարբերակել, թե ով ում բարեկամն է:

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին