Կարևոր իրադարձություններ

Կարևորը գրված բառերը չեն, այլ այն, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում. ԵՄ գրասենյակի ղեկավար

23 Հոկտեմբեր, 2015 15:16
Կարևորը գրված բառերը չեն, այլ այն, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում. ԵՄ գրասենյակի ղեկավար
Սահմանադրությունում փոփոխությունները կկատարվեն, թե՝ ոչ, դա հայ ժողովուրդը պետք է որոշի՝ դեկտեմբերին տեղի ունենալիք Հանրաքվեի միջոցով: «Մարդու իրավունքները սահմանադրության նոր նախագծում» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանն այս մասին այսօր նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա կարևորեց   փոփոխությունների շուրջ բաց,  ներառական  բանավեճերը:
 
Դեսպանը կարևորեց նաև, որ նաև Հանրաքվեին դեմ արտահայտվող ուժերը հավասար հնարավորություն ունենան իրենց ձայնը լսելի դարձնել,  մասնավորապես,  հեռարձակվող լրատվամիջոցներով: 
 
Կարևոր է, որպեսզի տեղի ունենա բաց, հրապարակային, ըստ էության քննարկում, քանի որ թափանցիկ, ներառական քննարկումների արդյունքում է միայն հնարավոր  ունենալ լեգիտիմ  Սահմանադրություն, եթե ժողովուրդը որոշում կայացնի ընդունել նախագիծը, ասաց դեսպանը: 
 
ՀՀ-ում  Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույնպես նշեց, որ ընտրությունը ժողովրդինն է: Նա հավելեց, որ «մենք բարյացակամ դիտորդ ենք, մեր հիմնական նպատակն է օգնել Հայաստանին բարեփոխումների ուղղությամբ ընթանալ»: Դեսպանը տեսակետ հայտնեց, որ եթե Սահմանադրությունն ունենա քողարկված կարճաժամկետ օրակարգ, ապա արդյունքի հասնել հնարավոր չի լինի: Ցանկանո՞ւմ եք ունենալ անկախ դատական համակարգ, ուժեղ հասարակական վերահսկողություն իրավապահ համակարգի նկատմամբ, քաղաքական կյանքի ու բիզնեսի հստակ տարանջատում, անկախ զանգվածային լրատվության միջոցներ, հարց տվեց ԵՄ ներկայացուցիչը: 
 
Պ.Սվիտալսկին նշեց, որ կարևորը գրված բառերը չեն, այլ այն, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում: Նա նկատեց, որ ամենաբռնաճնշող սովետական ռեժիմը  ևս ուներ լավ գրված սահմանադրություն: 
 
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն  գոհունակություն հայտնեց, որ նախագծից  հանվել է դատապարտյալների քվեարկելու բացարձակ արգելքը, սակայն դեռևս մնացել է ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց  քվեարկելու ու քվեարկվելու արգելքը: 
 
Եվրոպական կառույցի ներկայացուցիչը կարևորեց օմբուդսմենի լիազորություններին առնչվող որոշակի դրույթների բարելավումն ու ընդլայնումը, մասնավորապես,   նաև մասնավոր սուբյեկտի կողմից իրավունքի  խախտման  դեպքում օմբուդսմենին միջամտելու իրավունք վերապահող դրույթը: Սա կարևոր միտում է, ասաց եվրոպական կառույցի գլխավոր քարտուղարը: Կարևորելով օմբուդսմենին նույնպիսի, ինչպես և պատգամավորներին,  անձեռնմխելությամբ օժտելու դրույթը, գլխավոր քարտուղարը միաժամանակ նշեց, որ օմբուդսմենը  պետք է անձեռնմխելի լինի իր գործունեության բերումով հայտարարությունների ու գործողությունների համար ոչ միայն որպես օմբուդսմեն  պաշտոնավարելու ընթացքում, այլև դրա ավարտից հետո՝ նրա օբյեկտիվ ու անկախ աշխատանքը ապահովելու համար: 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթը կառուցեց  Նախագծի դրույթի շուրջ, ըստ որի օմբուդսմենը պետք է քաղաքական զսպվածություն դրսևորի: Պաշտպանը չի ընդունում «զսպվածություն» բառը, գտնում է, որ դա պետք է փոխարինվեր «քաղաքական չեզոքություն» բառակապակցությամբ: «Ես պահպանելու եմ քաղաքական չեզոքություն, մենք չենք փոխելու մեր գործելաոճը»,- ասաց նա:
Կ.Անդրեասյանը առաջարկվող սահմանադրական փոփոխությունների շարքում կարևորեց  պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության պատճառով վնասի  հատուցման ինստիտուտի, անձի՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հետ հավասար պայմաններով նաև իր վկաներին հարցաքննելու  իրավունքի ամրագրումը: Ամենակարևոր զարգացումը Կ.Անդրեասյանը համարում է  դատարանների նախագահների վերընտրվելու սահմանափակումը, ինչի շնորհիվ կվերացվեն  դատարանների նախագահների ճնշումները դատավորների նկատմամբ: «Ռոտացիոն սկզբունքը հույս է ներշնչում, որ թերությունները աստիճանաբար կարող են շտկվել»,- ասաց Պաշտպանը: 
 
Կարեն Անդրեասյանը ամենավտանգավոր փոփոխությունների շարքում նշեց այն, որ Նախագիծն ընդունվելու դեպքում օմբուդսմենն այլևս իրավունք չի ունենա սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված դիմել Սահմանադրական դատարան: Բացասական է անմեղության կանխավարկածի սկզբունքի  բաղադրիչների նվազեցումը, որը ցավալի, անդառնալի հետևանքներ է ունենալու: Կարեն Անդրեասյանը քննադատություն հնչեցրեց նաև նախագծի դրույթի առնչությամբ, ըստ որի ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր  և իր մերձավորների նկատմամբ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դա կարող է օգտագործվել  իր կամ մերձավորների դեմ՝ մտահոգությունը սկսվում է «եթե»-ից սկսած: 
 
Օմբուդսմենը բացասական է համարում Նախագծում  խտրականությունը սեռական փոքրամասնությունների հետ կապված: 
 
Կ.Անդրեասյանը նշեց, որ ինքը փոփոխությունների փաթեթի հետ կապված առաջարկներ է ներկայացրել, սակայն որևէ պատշաճ արձագանք, «գոնե մեկ տրամաբանված պատասխան չստացանք», ուստի կոչ արեց իրավասու անձանց  դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ: 
Արդյոք Օմբուդսմենն ի՞նչ կարծիքի է  նախագծին դեմ կամ կողմ քվեարկելու մասին՝  այդ հարցի առնչությամբ Կ.Անդրեասյանը հայտարարեց. «Ես դիտորդ, միջնորդ ու պաշտպան եմ,  և մենք չենք միանալու ոչ մի ճամբարի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին