Կարևոր իրադարձություններ

Իսրայելի «քաջարի օպերացիան» Հայաստանում

23 Հոկտեմբեր, 2015 14:55
Իսրայելի «քաջարի օպերացիան» Հայաստանում

Armtimes.com-ը գրում է. 

Երեկ իսրայելական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Իսրայելի զինված ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել Հայաստանում՝ Իսրայելի բանակի ռազմաօդային ուժերի ծառայող Արա Մարտոյանին էվակուացնելու համար: Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Մարտոյանը օգոստոսի վերջին մեկ շաբաթով ժամանել է Հայաստան՝ հարազատներին այցելության, բայց ՀՀ իշխանությունները նրան թույլ չեն տվել վերադառնալ Իսրայել, պատճառաբանելով, թե Մարտոյանը ծնվել է Հայաստանում եւ պետք է ծառայի Հայաստանի բանակում:

«Իսրայելում հատուկ օպերացիա էր մշակվել երիտասարդ զինվորին տուն վերադարձնելու համար, ինչն էլ հաջողությամբ իրականացվել է այս գիշեր»,- երեկ գրել էին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ: Լուրը արագ հայտնվել էր հայկական համացանցում եւ աշխույժ քննարկման առիթ դարձել: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Իսրայելական դեսանտ է իջել Հայաստանում եւ այստեղից փախցրել Մարտոյանին:

Օրվա երկրորդ կեսին, սակայն, Մարտոյանի պապիկը, Վարդենիսի բնակիչ Զավեն Գեւորգյանը հերքել էր իսրայելական մամուլի լուրերը եւ պարզաբանել, որ ինքն է «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել թոռնիկին: Միեւնույն ժամանակ նա հաստատել էր, որ թոռնիկը մոտ երկու ամիս առաջ հինգ օրով եկել է իրենց տեսնելու ու չի կարողանում վերադառնալ Իսրայել, ու հարցը լուծվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ: Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում իսրայելական մամուլի հրապարակումներին արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս ֆեյսբուքյան գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

« Իսրայելական լրատվամիջոցները այսօր «բլոկբաստերներ» են հրապարակել, թե ինչպես են իսրայելական բանակը, կամ ինչ-որ այլ ծառայություններ «Հայաստանյան գերությունից» ազատել Իսրայելի բանակի հայազգի զինծառայող Արա Մարտոյանին:

Իրականում տեղի է ունեցել հետեւյալը. նախորդ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ է այցելել Արա Մարտոյանի պապիկը՝ Վարդենիսի բնակիչ Զավեն Գեւորգյանը եւ ինձ ներկայացրել, որ Իսրայելի քաղաքացի հանդիսոցող իր թոռնիկը՝ Արա Մարտոյանը, ով նաեւ Իսրայելի բանակի զինծառայող է, օգոստոսի 25-ին եկել է Հայաստան եւ չի կարողանում վերադառնալ Իսրայել:

Տեղեկացրեց նաեւ, որ Արան ծնվել է Հայաստանում եւ 2001 թվականին, վեց տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Իսրայել, մշտական բնակության, սահմանված կարգով ստացել Իսրայելի քաղաքացիություն, բայց հիմա Հայաստանի մի շարք մարմիններ ասում են, որ Արան ՀՀ քաղաքացի է եւ պետք է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանա, եւ կցագրվի Վարդենիսի զինկոմիասարիատում: Զավեն Գեւորգյանն ասաց, որ դիմել է միջին օղակի մի շարք պաշտոնյաների, որ թոռանը Հայաստանից մեկնելու հնարավորություն տան, բայց հարցը հարցը լուծում չի ստանում:

Նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հիմա արդեն նախկին պետ Միշա Սարդարյանի հետ: Հեռախոսազրույց եմ ունեցել նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով տեղյակ չէր նման խնդրի գոյության մասին: Հաջորդ օրը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ ինձ է զանգահարել ՀՀ գլխավոր զինկոմ Հենրիկ Մուրադյանը:

Վերջինիս հետ մանրամասն քննարկել ենք իրավիճակը: Այս քննարկման արդյունքում երկուշաբթի օրը խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հետ եւ ներկայացրել խնդիրը, ՊՆ-ի հետ մեր քննարկման արդյունքները: Երեքշաբթի, այսինքն հոկտեմբերի 20-ի առավոտյան Հունան Պողոսյանը զանգահարել է ինձ եւ պաշտոնապես ասել, որ ինքն իրավիճակը քննարկել է դատախազության հետ, եւ խնդիրը գործնականում լուծված է. Արա Մարտոյանը կարող է մեկնել Հայաստանից եւ թղթերը ձեւակերպելու համար կարող է մոտենալ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մ. Սարդարյանին:

Անմիջապես զանգահարել եմ Զավեն Գեւորգյանին եւ ասել, որ հարցը լուծված է եւ Արա Մարտոյանը կարող է մեկնել Հայաստանից: Նրան նաեւ խնդրել եմ անմիջապես Արա Մարտոյանի հետ Վարդենիսից մեկնել Երեւան եւ մոտենալ Միշա Սարդարյանին:

Վերջինս Մարտոյանին ընդունել է եւ խնդրել Իսրայել վերադարձի ավիատոմս գնել, որպեսզի վիզան ձեւակերպեն վերադարձի ժամկետով: Մարտոյանը մոտակա հնարավոր թռիչքի համար տոմս են գնել, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ձեւակերպել է բոլոր թղթերը եւ հոկտոմբերի լույս 22-ի գիշերը Արա Մարտոյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Իսրայել:

Քիչ առաջ ինձ զանգահարեց Արա Մարտոյանի հայրը, Վահագն Մարտոյանը: Մեր խոսակցության ընթացքում նա տարակուսանք հայտնեց իսրայելական մամուլի հրապարակումների կապակցությամբ եւ ասաց, որ Արայի վերադարձի կապակցությամբ մեծ հայկական քեֆ են կազմակերպում:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին