Կարևոր իրադարձություններ

Օմբուդսմենը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի կողմից

23 Հոկտեմբեր, 2015 13:14
Օմբուդսմենը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի  կողմից

ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հրավիրված «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» քննարկմանը հայտարարեց, որ օմբուդսմենը չի լինելու ո՛չ «ոչ»-ի, ո՛չ էլ «այո»-ի ճամբարների կողմից. լինելու է դիտորդ ու պաշտպան։

 

«Ես կանեմ հավասարակշռված ձևով, երկու կողմերին ցույց տամ թերություններն ու դրական կողմերը և մի խորհուրդ կտամ։ Քանի որ քաղաքականության մեջ մտնելն արդեն իսկ վտանգավոր է մեզ համար,  հետևաբար մենք անհանգստանում ենք ոչ թե հարձակումներից, այլ քաղաքականության մեջ մտնելուց»,– ասաց նա։

 

«Ուզում եմ «ոչ»-ի ճամբարին ասել, որ մեր եվրոպացի գործընկերները համատարած ասում են՝ շատ դրական լուծումներ կան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված, ու պետք է կարողանալ լսել ու ընդունել դա։ Բայց եթե կա ցանկություն հասարակությանը կողմնորոշելու դեպի Սահմանադրության մերժում, փաստարկները կենտրոնացնել 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս, որովհետև որքան էլ այստեղ լինեն խնդիրներ, դրանք ավելի առաջադիմական են»,- ավելացրեց Կարեն Անդրեասյանը։

 

«Այո»-ի ճամբարին օմբուդսմենը հորդորեց հասարակության ուշադրությունը կենտրոնացնել հենց վերոնշյալ գլուխների վրա։

 

Այնուհետև Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Սահմանադրության նախագծում անձամբ իրեն հուզող առկա խնդիրներին։ Մասնավորապես, նա նշեց, որ իր համար անհասկանալի է օմբուդսմենի քաղաքական զսպվածության մասին դրույթը, որի փոխարեն հանձնաժողովին ինքն առաջարկել էր ամրագրել «չեզոքություն» բառը։
 

«Ընդհանրապես մենք նման ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ ցանկացած այլ հաշտարարի, միջնորդի, որն այնտեղ է որտեղ կա խնդիր, անհաշտություն, լինի իշխանության և ընդդիմության միջև, քաղաքացու և պետության և այլն։ Ես միշտ հավատացել եմ, որ օմբուդսմենը քաղաքականապես չեզոք պետք է լինի, բայց երբ ֆիքսված է «զսպվածություն» բառը, չեմ հասկանում, սա խանգարելու է ինձ աշխատել այնպես, ինչպես նախորդները։ Ես անձամբ, «զսպվածություն» բառը մեկնաբանում եմ որպես չեզոքություն և շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես նախկինում»,-ասաց նա։

 

Կարեն Անդրեասյանն ասաց, որ բաց է այն հարցը, թե երբ որևէ մեկը որոշի, որ օմբուդսմենը քաղաքականապես զսպված չէ, ինչ սանկցիաներ են կիրառվելու, կամ կիրառվե՞լու են արդյոք։ Կարեն Անդրեասյանը նաև նշեց, որ նախագծում կան բազմաթիվ դրական զարգացումներ։

 

«Անձն իրավունք ունի պահանջել տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանց կողմից հասցված վնասի փոխահատուցում, կամ մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները հարցաքննվեն այն պայմաններում, ինչ իր դեմ ցուցմունք տվածները։ Բայց անձամբ ինձ համար ամենակարևորը 7-րդ գլխի այն դրույթն է, որը սահմանափակում է դատարանների նախագահների վերընտրվելու իրավունքը»,-ասաց նա։

 

Անդրադառնալով Սահմանադրության մեջ տեղ գտած բացասական դրույթներին, Կարեն Անդրեասյանը դրանցից առաջինն առանձնացրեց հետևյալը. «Օմբուդսմենը զրկված է սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված խնդիրները ներկայացնել սահմանադրական դատարան։ Ցավում եմ, որ այս մասին բարձրաձայնեցի միայն ես։ Բացի մեզնից որևէ մեկին չի մտահոգել»։

 

Լրահոս

Դիտել ավելին