Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Սերգիև Պոսադի և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետերին

08 Հոկտեմբեր, 2015 12:31
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Սերգիև Պոսադի և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետերին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 7-ին ընդունել է Էջմիածին քաղաքի տոնի առիթով Հայաստան ժամանած Սերգիև Պոսադ քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պոտյակինին (ՌԴ) և Շաղվիո Շավանիոյի քաղաքապետ Ժերար Դեշամին (Ֆրանսիա)` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական և հայ-ֆրանսիական բարեկամական կապերը զարգանում են նաև քաղաքների միջև հաստատվող գործակցությամբ: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հյուրերին է ներկայացրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատմությունը` ընդգծելով, որ այն դարեր շարունակ մշտապես քայլել է հայ ժողովրդի հետ` առաջնորդելով համայն հայության հոգևոր կյանքը:

Իրենց հերթին քույր քաղաքների ղեկավարներն ուրախություն են հայտնել համայն հայության հոգևոր կենտրոնում գտնվելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությանն արժանանալու համար:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին