Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիրների ծնողներին ստիպում են հրաժարվել իրենց զավակներից

22 Հոկտեմբեր, 2015 15:51
Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիրների ծնողներին ստիպում են հրաժարվել իրենց զավակներից

Ադրբեջանի իշխանությունները հետապնդումներով եւ շինծու մեղադրանքներով ազգականների կալանումներով ընդդիմադիրների եւ իշխող ռեժիմի քննադատների ծնողներին ու հարազատներին ստիպում են հրաժարվել նրանցից:

haqqin.az-ի փոխանցմամբ, վերջին նման դեպքը տեղի է ունեցել արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV ինտերնետ հեռուստաալիքի աշխատակից Գյունել Մեվլուդի հետ, որին իշխանությունները երկար ժամանակ հորդորում էին դադարեցնել հեռուստաալիքի հետ համագործակցությունը, եւ տեսնելով, որ չի հրաժարվում, կեղծ մեղադրանքներով կալանավորել եւ ազատազրկման են ենթարկել նրա երկու եղբայրներին:

«Եթե իմ դուստրը չի հրաժարվում Meydan TV-ից, ապա ես ինքս եմ նրանից հրաժարվում»,-հայտարարել է Գյունել Մեվլուդի մայրը` Շովքեթ Շաֆիեւան:

Նրա խոսքով, իր ձերբակալված որդիները շարքային բանվորներ են եւ երբեք չեն միջամտել քաղաքականությանը:

«Նրանց ձերբակալել են այն բանի համար, որ Գյունելը համագործակցում է Meydan TV-ի հետ: Ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ իմ դուստրից», -ասել է Շաֆիեւան` նշելով, որ ամբողջությամբ պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը:

Գյունելի եղբայրներին` Վեքիլ Իմանովին եւ Ռաջի Իմանովին դատապարտել են 3 եւ 4 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր լրագրողի եղբայրներին մեղադրում են թմրանյութեր պահելու մեջ:

«Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Meydan TV ինտերնետ-ռեսուրսի կայքի վրա հզոր հաքերային գրոհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինտերնետ-հեռուստաալիքի աշխատանքն արգելափակվել է:

Meydan TV ինտերնետ-ալիքը հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության գլխավոր քննադատներից մեկը եւ տեղակայված է Բեռլինում: Ադրբեջանցի այլադավանների եւ նախկին քաղաքական բանտարկյալների կողմից ստեղծված Meydan TV հեռուստաալիքը արդեն երկար ժամանակ ճնշման է ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հեռուստաալիքի հետ համագործակցող բոլոր լրագրողները գործնականում հարցաքննությունների են ենթարկվում Ադրբեջանի դատախազություններում, իսկ նրանց մերձավորների եւ հարազատների նկատմամբ ճնշում է գործադրվում:

Artsakhpress.am

 

Լրահոս

Դիտել ավելին