Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր նախագծերը՝ Արցախում

08 Հոկտեմբեր, 2015 11:17
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր նախագծերը՝ Արցախում

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին, ուսումնասիրություններին, միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր:

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:
Միջոցառմանը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե´ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, և թե´ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում՝ այս համատեքստում ընդգծելով Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը և նրա հետևողական հասարակական գործունեության կարևորությունը:
Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության ստեղծման նախապատմությունը, աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է հայ-¬թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս առումով հեղինակը կարևորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:
Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին