Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    495
    505

  • EUR

    591
    605

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

 

Հայկ Դեմոյանը Պրահայում խոսել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին

22 Հոկտեմբեր, 2015 15:20
Հայկ Դեմոյանը Պրահայում խոսել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին

Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ այսօր հանդես է եկել Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Այս մասին հայտնում է orer.eu կայքը։

Դասախոսության թեման էր «Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների ցեղասպանության պատմությունը և հիշողությունը»։ Դասախոսությունը անցկացվում էր «Ցեղասպանագիտություն և զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը։ Հայկ Դեմոյանը անգլերենով ներկայացրել է հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը։

Նա նաև վերջում անդրադարձ է կատարել Չեխիայի հետ կապ ունեցող մի քանի անհատների՝ Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանը՝ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլև հրեական Հոլոքոստի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատևող մարդկանց համար։


Հաջորդը՝ «Արևելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է, որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում և կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին։


Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրեց նաև իր ղեկավարած հաստատության և չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջև իրականցվող համագործակցության մասին։


Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։


Դասախոսության ավարտին, որն ուղեկցվում էր նաև լուսանկարային տեսաշարի ցուցադրությամբ, Հայկ Դեմոյանը պատասխանել է ներկա ուսանողների հարցերին, այդ թվում՝ ադրբեջանցու, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատմական ակնարկով բացատրելով խնդրի էությունը։


Խոսք է գնացել նաև ասորիների և հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի և ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին։ Այսօր Հայկ Դեմոյանն այցելել է նաև Լիդիցեի հուշահամալիր և հանդիպել ղեկավարությանը, դիտել նոր ցուցադրությունը։

Լրահոս

Դիտել ավելին