Կարևոր իրադարձություններ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մերժվեց

22 Հոկտեմբեր, 2015 15:00
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մերժվեց
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանն այսօր մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը՝  իր դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին դատախազի որոշման դեմ: 
 
Դատարանը գտել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Երևանի դատախազի 2013թ. դեկտեմբերի  2-ի որոշման դեմ բողոքն ընդդատյա չէ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանին,  և այդ հարցը պետք է համարել լուծված: Ըստ դատարանի պարզաբանման, իր որոշմամբ 2015թ. հոկտեմբերի  1-ին ստացված Նիկոլայ Բաղդասարյանի բողոքն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ ըստ ընդդատության:
 
Իսկ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին 2015թ. ապրիլի 1-ի  որոշման դեմ բերված Ն.Բաղդասարյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: 
 
Դատարանը՝ վերլուծելով այլ գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, դատարանն արձանագրել է, որ քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ռ.Էլիզբարյանի 2015թ. ապրիլի 1-ի որոշման դեմ Ն.Բաղդասարյանի բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննության առարկա չի կարող լինել, քանի որ «բողոքաբերի իրավունքների ու օրինական շահերի ենթադրյալ խախտումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում, գործն ըստ էության քննելիս, բողոքարկելն անհնար չէ և չի հանգեցնի այդ իրավունքների ու օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»:
 
 ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը,  և 145-րդ հոդվածի  1-ին մասով՝ բժշկական գաղտնիքը հրապարակելը,  հանցակազմի բացակայության մասին  Ն.Բաղդասարյանի պնդման առնչությամբ դատարանը գտել է, որ բողոքը քննության առնելիս դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին՝ այն պետք է դատական քննության առարկա դառնա հետագայում գործն ըստ էության քննելիս: 
 
«Քրեական գործ հարուցելու մասին  որոշման դեմ բողոքը դատական վերահսկողության կարգով քննելիս դատարանը չպետք է հետևություններ անի և իրավական գնահատականներ տա գործով ձեռք բերված ապացույցներին, դրանց թույլատրելիությանը, վերաբերելիությանը, գործի լուծման բավարարությանը, անդրադառնա արարքի քրեաիրավական որակմանը վերաբերող հարցերին»,- նշվում է  դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կայացված որոշման մեջ: 
 
Լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրավունքի տեսակետից վիճելի է, թե այս հարցը պետք է քննի դատարանը, թե ոչ, և այս փուլում: «Սակայն մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր գործերով տարբեր մոտեցում է ցուցաբերվում: Պետք է հասկանանք, թե Վճռաբեկ դատարանն ինչո՞ւ իր տեղում չի գտնվում, կոնկրետ գործերով, եթե անհրաժեշտություն  է լինում, իրենք գործը քննում են և որոշում կայացնում, դատախազությունը կոնկրետ գործերով ներկայացված բողոքները քննում է և որոշում  է կայացնում, Նիկոլայ Բաղդասարյանի գործով լրիվ այլ ընթացակարգեր են գնում,  և երկու ընթացակարգերն էլ Վճռաբեկ դատարանը դիտում է օրինական»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ արժե բողոքել  ցույց տալու համար, որ Հայաստանում օրենքի միատեսակ կիրառություն գոյություն չունի:  «Եթե կարիք է լինում, դատավորները մինչդատական փուլում քննության առնում են, վերացնում են որոշումները, իսկ եթե կարիք չի լինում, ասում են, որ այս հարցը քննարկման առարկա  չպետք է դառնա»,- ասաց Ն.Բաղդասարյանը: 
 
Փաստաբանի ներկայացուցիչներից մեկը՝  փաստաբան Լուսինե Սահակյանն իր հերթին հայտնեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի  որոշումը:  «Ես կարծում եմ, որ եթե հետապնդումները շարունակվեն Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, ապա դա լուրջ վտանգ է ընդհանուր փաստաբանների համար: Եվ փաստաբանները բոլորը պարտավոր են պայքարել, որպեսզի այդ հետապնդումը Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ  դադարեցվի»,- ասաց Լուսինե Սահակյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին