Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի ղեկավարի հետ (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 14:15
Երևանի քաղաքապետի տեղակալը հանդիպել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի ղեկավարի հետ (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար Կառլ-Հայնց Շայդեին, ով Գերմանիայի Շվեբիշ-Գմունդ քաղաքից է, ներկայում թոշակառու քահանա և արդեն 23 տարի է՝ Երևանում իրականացնում է բարեգործական ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Դավիթ Օհանյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել համագործակցությամբ կատարվող այն մարդասիրական գործունեության համար, որ արդեն երկար տարիներ իրականացվում է Երևանում։ Այնուհետ Դավիթ Օհանյանը և Կառլ-Հայնց Շայդեն քննարկել են ծրագրերի ընթացքն ու հավելյալ հնարավորությունները։
«Մեր համագործակցությունն արդեն վերածվել է բարեկամության, ընկերության։ Ձեր բարեգործական նախաձեռնությունները մեծ արձագանք են գտնում ու բարձր գնահատանքի են արժանանում բնակիչների կողմից, ինչպես օրինակ՝ մեր համագործակցությամբ իրականացվող հերթական ծրագիրն է «Արտագնա սպասարկում»-ը, որի շահառուներն են Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 125 տարեց բնակիչներ։ Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը հարցում է իրականացրել ծրագրի շահառուներից, և նրանց գոհունակությունը մեզ միտք է տվել՝ հաջողված այս ծրագիրը դարձնել շարունակական»,- առաջարկել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
Կառլ-Հայնց Շայդեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ իրենց նախաձեռնություններին ու գործունեությանն ուղղված մշտական բազմակողմ աջակցության համար։
«Այն ջերմ գործընկերությունը և հաջողված համագործակցությունը, որ ունենք Երևանի քաղաքապետարանի հետ, ինձ մղում է հնարավորինս շատ լավ գործեր անելու Երևանի և առհասարակ հայ ժողովրդի համար։ Վաղը շատ նշանակալի օր է մեզ համար. մեկնարկում ենք «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ տարեշրջանը։ Եվ շատ ուրախ եմ, որ այսուհետ էլ կարողանում եմ օգտակար լինել իմ նախաձեռնություններով»,-նշել է Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի գործունեության պայմաններին առնչվող հարցեր։

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին