Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հղած իր ուղերձում առանձին ներողություն է խնդրել Արցախի ՊԲ փոխնախարար Դավիթ Մանուկյանի կնոջից։
«Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ` ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:
Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար:
Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով` մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը»,-ուղերձում ասել է Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել։