Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիրը

27 Փետրվար, 2025 20:46
Մեկնարկել է «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մեկնարկել է 2025 թվականի «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառումներին, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող`

  • այն սփյուռքահայերը, որոնք առնվազն հինգ տարի և ավել բնակվում են սփյուռքում և ունեն բնակության երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
  • այն թիմերը, որոնց անդամների առնվազն կեսը սփյուռքահայեր են, ովքեր անընդմեջ առնվազն հինգ տարի և ավել ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ.
  • այն հայրենադարձները, որոնք հինգ տարի և ավել ապրել են սփյուռքում և հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում:

«Ներուժ» ծրագրի շրջանակում Հայաստանում կկայանա ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից, ինչպես նաև կիրականացվեն այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ձեր ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործիքներով զինելու համար:

Միջոցառումները ներառում են սեմինարներ, պատկերավոր ներկայացումների սեսսիաներ (pitch sessions), ցանցային հնարավորություններ (networking opportunities), որոնք ուղղված են ձեր ստարտափի զարգացմանը:

6-օրյա միջոցառումներից հետո միջազգային աքսելերատորը ևս մեկ ամիս կշարունակի աջակցել և սերտորեն համագործակցել հաղթող ստարտափների հետ։ Այդ ընթացքում ստարտափները կստանան համապատասխան մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն և մուտք դեպի ներդրողների և ոլորտի փորձագետների ցանց:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

Գաղափարի փուլ՝

  • 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

Աճի փուլ՝

  • 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:

Ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան 2025 թվականի հունիսի 24-29-ը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք կայք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին