Կարևոր իրադարձություններ

Գնա տուն, քեզ էլ կսպանեն. հայ կնոջ վկայությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ

27 Փետրվար, 2025 19:58
Գնա տուն, քեզ էլ կսպանեն. հայ կնոջ վկայությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ներկայացրել է Էմմա Սարգսյանի վկայությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ․

«Մութը, որ ընկավ սկսեցին էլ խանութ, էլ կրպակ, էլ ինչ, ջար­դում են, փշրում են: Հաջորդ օրը… որ մթնեց, սկսեցին մեր թաղամասում ինչքան հայի տներ կա, մտնում են իրերը թափում են փողոցը, տան իրերը…միլիցեքն էլ կանգնած ոչ մի խոսք, ոչ մի բառ: Մի անգամ ասեն, «խի՞ եք ըդենց անում», կամ…Մի հատ մեծահասակ մարդ էլ, ուրեմն էս մեր շենքն ա, էս էլ՝ էս մի շենքն ա, արանքում փողոց ա: Էդ շենքից թափեցին, թափեցին եղածը, վերջումն էլ սառնարանը դրին մի մարդու, էդ մարդին խփել են ընկել ա, սառնարանը դրին վրեն:

Ընենց ա գոռում, ընենց ա գոռում: Հայ էր: Անունը չեմ իմանում, դե փողոցի էն կողմն էր… Հետո էս շենքից պրծան, էս բնակարանից պրծան, մտան մի ուրիշ բնակարան, էլի հայի բնակարան ա: Դրանք էլ թափեցին: Էդ միլիցեքը հայաթից գոռում են հիմա. 

«Ինչի՞ չեք վառում իրերը, ինչի՞ չեք վառում»: Ես էլ պատուհանից նայում եմ…էրկու ախպեր սպանեցին մեր բակում: Անունները դրանց գիտեմ, որովհետև իմ երեխաների ընկերներն են, մեկը` Ավանեսյան Ալբերտ ա, մեկն էլ Ավանեսյան ոնց որ Վալերիկ էր…Դրանց սպանել են: Ես տեսա: Ես դա տեսա: Ուրեմն մտել են դրանց տուն, կլինեն մի երկու հարյուր հոգի ջահելներ: Դուռը ջարդել են, մտել ներս: Տունն էլ հարուստ էր, ապրանք կար մեջը: Տղաներից մեկը փախավ, էն մեկին բռնեցին: Էն մեկին բռնեցին ու…սպանեցին, կացնով խփեցին, սպանեցին հենց բակում: էդ մեկն ընկավ, մյուսի հետևից վազեցին, էդ էլ բռնեցին, բերին: Դրան էլ սպանեցին…Գիշեր էր արդեն, ժամը մեկն էր, ամուսինս էլ չէր եկել: Ես իջա բակ: Մեր վերևի հարևանի տղան, երիտասարդ մի տղա է, իջավ, ասում է «մորաքույր, ի՞նչ ես եկել ստեղ, գնա տուն, կգան քեզ կսպանեն»: 

Ասեցի «բա, Շահենը /ամուսինը/ դեռ չի եկել աշխատանքից»:

Ասեց «Դու գնա տուն, քեզ էս րոպեիս սպանելու են»: Ինքը ասեց ու գնաց էն տղոց մոտ, ում սպանել են: Գնաց, ուրեմն սենց օջախ են վառել դրանք, էն չոփերը, չոփերը հավաքել վառել են: Կրակ են վառել, որ դիակը վառվի: Գնաց էդ սպանվածների մոտ, դե երեխեք են եղել էն ժամանակ, ինչ էին իմանում հայը ինչ ա, թուրքը ինչ ա, միասին խաղացել են էլի: 

Ուզում ա հանգցնի կրակը, էդ թուրքերից մեկը գոռաց, ասեց «Էս րոպեիս քո դիակն էլ կդնեմ դրա կողը, հանգցնում ես, որ չվառվի՞»: Վերջը էդ տղան վախելուց, ջանը քաղցր ա, էդ տղան վախելուց եկավ, եկավ ինձ ասեց «գնա տուն, դու գնա մեր տուն։ Գիշերը ինչ էին անում, վաաա~~յ…հիվանդանոցում: Եկել էդպես շրջապատել են, դուրսը շարվել` շըխկ, շըխկ…ուզում են ջարդել մտնեն, որ տեսնեն ներսում հայ կա՞: Բժիշկներն ասում են «այ մարդ, հայ չկա այստեղ, հայ որտեղի՞ց է»:

«Չէ, -ասում են,- պիտի մենք մտնենք տենսնենք, եթե չկա,- ասում են, -կթողնենք կգնանք: Հիմա գնում ենք մորգը վառենք, որ էդ դիակները սաղ վառվեն ընդեղ»։

 

Լրահոս

Դիտել ավելին