Կարևոր իրադարձություններ

Սոցիալական կրեդիտների գծով 2486 մարդ արդեն հետ է ստացել 232 մլն դրամ

27 Փետրվար, 2025 17:48
Սոցիալական կրեդիտների գծով 2486 մարդ արդեն հետ է ստացել 232 մլն դրամ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման թեմային և նշել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով հետ է ստացել 232 մլն դրամ: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն ավելի ակտիվ ներկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ ՊԵԿ-ը թեմայի շրջանակում մարզային այցեր է կազմակերպում և իրազեկում իրականացնում, վարչապետը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարությանը, Առողջապահության նախարարությանը ոլորտային աշխատանք իրականացնել, որպեսզի սոցիալական կրեդիտներին համապատասխան ծառայությունների փաթեթներ ձևավորվեն:

«Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սոցիալական կրեդիտների համակարգից օգտվելու տրամաբանության շրջանակում՝ վարչապետը կոչ է արել քաղաքացիներին գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ եղանակով կատարված, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսերը, վճարները սոցիալական կրեդիտի շրջանակում վերադարձի հնարավորություն չեն ունենա: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին ներկայացրել է, որ նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ ներկայացված են եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, մինչ համապարփակ ապահովագրության ընդունումը, Կառավարությունը ևս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ փաթեթը մշակվում է, որպեսզի այս տարվա ընթացքում եկամտահարկ վճարող բոլոր այն քաղաքացիները, ովքեր սոցիալական փաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար:

Եվս մեկ անգամ կարևորելով հանրության հետ հաղորդակցությունը՝ վարչապետը կարևորել է թեմայի վերաբերյալ սոցիալական հոլովակի ներկայացումը, որը պետք է լինի այն մասին, թե ինչպես է պետք լրացնել  7.  Վարչապետի աշխատակազմ 2/27/2025 համընդհանուր հայտարարագիրը, ինչպես է պետք ստանալ սոցիալական կրեդիտ և ինչ դեպքերում. «Սա ռազմավարական ծրագիր է, և ամենօրյա ռեժիմով մարդը պետք է այս ազդակը ստանա, պետք է պարզաբանել, թե ինչու է սա ռազմավարական ծրագիր մարդկային կապիտալը զարգացնելու տեսակետից»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ծնող, ով գումար է ծախսում դպրոցում, մանկապարտեզում, արվեստի դպրոցում, սպորտի խմբակներում, պետք է համոզված լինենք, որ ծրագրի մասին տեղեկացել է. «Մենք պետք է մարդուն հասցնենք, թե սա իրեն, իր ընտանիքին ինչ սոցիալական առավելություն է բերում»: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ծրագիրն ահռելի է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա ջանքերը բավարար չեն, թեմային պետք է անդրադառնալ ամենօրյա ռեժիմով: Ինչ վերաբերում է նույնականացման քարտ ստանալուն, վարչապետն ընդգծել է, որ անկախ նրանից նույնականացման քարտը քաղաքացին ստացել է, թե ոչ, դիմելու փաստն արդեն սոցիալական կրեդիտը հետ ստանալու իրավունքը կպահպանի. «Մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր դիմեն բոլոր նրանք, ովքեր չեն դիմել նույնականացման քարտ ստանալու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին