ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ճապոնիայի կառավարությունը հայտարարել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլարի նոր նախաձեռնության մասին Հայաստանի ամբողջ տարածքում էթնիկ հայ փախստական երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող համայնքների հասակակիցներին հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրելու նպատակով: Այս աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորություն կունենա ընդլայնելու աջակցությունը շուրջ 300,000 երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև գրեթե 150,000 ծնողներին՝ ներգրավելով տարբեր ոլորտներում երեխաների հետ աշխատող 5600 ծառայություն մատուցողների:
Ծրագիրը նախատեսված է տրամադրելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների շրջանակում՝ բարելավելով միջոլորտային համակարգումն ու մասնագետների ուղղորդումը: Երեխաների բարեկեցության ապահովման ուղղությամբ ազգային համակարգերի կարողությունները զարգացնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցի քաղաքապետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ:
Համայնքային մակարդակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի ծառայություններ մատուցողներին՝ բուժաշխատողներին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, տրամադրելով վերապատրաստում, խորհրդատվություն և ուղղորդման մեխանիզմներ՝ զարգացնելու նրանց մասնագիտական կարողությունները՝ կիրառելու համար հոգեկան առողջության աջակցության գործիքների և ռեսուրսների լայն շրջանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև կհամագործակցի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մշակելու քաղաքականություններ, կարգավորող շրջանակներ և վերահսկողության մեխանիզմներ՝ ծառայություններ մատուցողների և հաստատությունների աշխատանքը ուղղորդելու նպատակով:
«Շատ երկրներ չունեն հոգեկան առողջության համար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, և աջակցության կարիք ունեցող մարդիկ չեն ստանում համապատասխան ծառայություններ: Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են տեղի ունենալ հակամարտություններ ու աղետներ, ինչը մեծացնում է այս ոլորտում աջակցության անհրաժեշտությունը», - նշեց Վրաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մշտական ներկայացուցիչ պրն Ջունջի Վակույին: «Ճապոնիան մի երկիր է, որը հաճախակի է ենթարկվում այնպիսի աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, և 1995 թվականի Մեծ Հանշին-Ավաջի երկրաշարժից հետո մենք խորը գիտելիքներ ենք կուտակել աղետից տուժածների հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ: Օգտվելով այս գիտելիքներից՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության ծառայություններ է տրամադրել բազմաթիվ աղետներից տուժածներին»։
«Մեր նպատակն է ցուցաբերել կարեկից, անհատական խնամք հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երեխային: Մենք ցանկանում ենք օգնել այս երեխաներին մոռանալ անցյալ հակամարտությունների տրավմաները և հույս վերգտնել: Երեխաների բարեկեցության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ փորձառության վրա հիմնվելով՝ մենք ցանկանում ենք անել այնպես, որ նրանք հնարավորություւն ստանան պատկերացնել և հավատալ լավ ապագային: Սա շարունակությունն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր նախորդ հաջողված գործընկերության՝ 2021 թվականի հրատապ դրամաշնորհային աջակցության, որը լուծեց հրատապ մարդասիրական կարիքները Հայաստանում», - նշեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան ն.գ. պրն Յուտակա Աոկին:
«Որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա իրացնել հոգեկան առողջության և բարեկեցության իր իրավունքը, մենք պետք է աշխատենք տարբեր ոլորտներում՝ համայնքային մակարդակում ինտեգրված մոտեցմամբ: Իրականացման եղանակներն ու գործիքները պետք է հարմարեցված լինեն տղաների և աղջիկների, ինչպես նաև նրանց տարբեր տարիքային խմբերի պահանջներին՝ վաղ մանկությունից մինչև պատանեկություն,— նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:— Այս ծրագրի շրջանակում մենք նաև միավորում ենք ջանքերը՝ խթանելու բնակչության շրջանում դրական վերաբերմունքը, անհրաժեշտության դեպքում նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների պահանջարկը»:
Առողջապահության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համագործակցությամբ մշակելու է հոգեկրթության, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերման և վարման վերաբերյալ վերապատրաստման և խորհրդատվության ստանդարտացված փաթեթներ առողջապահական ծառայություններ մատուցողների համար: Պարբերաբար կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ փախստական երեխաների, հյուրընկալող համայնքների նրանց հասակակիցների և ծնողների համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կկազմակերպի հոգեբանական առաջին օգնության վերաբերյալ վերապատրաստումներ առաջնային օղակի ծառայություններ մատուցողների՝ հոգեբանների և սոցիալական աշխատողների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների համար՝ սահմանափակ թվով առաջնային օղակի մասնագետներ ունեցող համայնքներում հոգեկան առողջության աջակցության հասանելիությունն ընդլայնելու նպատակով:
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖը նաև կմեկնարկի տասը դպրոցներում հոգեկան առողջության ծառայությունների փորձնական ծրագիր՝ նպատակ ունենալով ստեղծելու մոդել, որը կարող է կիրառվել ամբողջ երկրում: Բացի այդ աջակցություն կտրամադրվի երիտասարդական աշխատողներին՝ զարգացնելու նրանց կարողությունները՝ աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ միաժամանակ կանխելով հուզական այրումը: Եվ վերջապես, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև ստեղծելու է ուսուցողական նյութեր հոգեկան առողջության վերաբերյալ՝ խթանելու սոցիալ-հուզական հմտությունները, ինքնախնամքն ու դիմակայունությունը: