Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում: Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան- Ֆրանսուա Դինքջեանը և Էլուա Շաֆայը:
Կարևորելով տարբեր հարթակներում ժամանակակից արվեստին անդրադարձը՝ Սվետլանա Սահակյանը նշել է. «Կարևոր է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ցույց տալ նրանց ներուժը միջազգային հանրությանը: Այս առումով բիենալեն արվեստագիտական դաշտի մասին խոսելու լավագույն հարթակն է»:
Մասնավորապես՝ խոսելով Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային բիենալեի մասին՝ Սվետլանա Սահակյանն առանձնակի ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ամուր կապերը, որոնք, ըստ նրա, տարեցտարի ավելի են ընդլայնվում: Այս համատեքստում նա կարևորել է համադրողների համագործակցային աշխատանքը, որը լավագույնս կներկայացնի աշխարհում Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման միտումները: Նա նաև ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը, որը, մասնավորապես, խթանում է ինքնազբաղ արվեստագետների գործունեությունը:
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ են կատարվել, որոնք միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը: Այդ քաղաքականությունն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում նրանց ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի և հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով: Չէ որ ժամանակակից արվեստագետները հարստացնում են ոչ միայն մեր մշակութային ներկան, այլև ժառանգությունը»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:
Եզրափակելով խոսքը՝ վարչության պետն ընդգծել է, որ բիենալեն նաև հայաստանաճանաչություն է, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճը բարձրացնելու, այլազգիների հետ համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություն: Խոսելով ցուցադրությանը Հայաստանի մասնակցության ևպատվո հյուր լինելու մասին՝ համադրող Ժան-Ֆրանսուա Դինքջեանը նշել է. «Մեր նպատակն է Հայաստանն իրական աշխատանքներով ներկայացնել և ցույց տալ, որ հայկական արվեստը նաև մերօրյա երիտասարդների ստեղծագործությունն է, որը կենդանի ռեսուրս է»: Նա ընդգծել է՝ Հայաստանի ժամանակակից ստեղծագործական դաշտը Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնում է: Այս համատեքստում կարևորվել է Սենտ Էտիենի և Կապանի քույր քաղաքներ հռչակումը:
Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ ներկայացրել է ցուցադրության բովանդակությունն ու հայեցակարգը: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան 15 հայ ստեղծագործողի և արվեստի կառույցների միջոցով: Բոլորն էլ առաջնորդվել են այն եռանդով, ազնվությամբ ու ազատությամբ, որ բնորոշ է Հայաստանին»,- ասել է նա` հավելելով, որ ցուցադրության ձևավորողը Normal Studio-ն է: Նայիրի Խաչատուրեանի մեկնաբանմամբ՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից ստեղծագործողների վրա:
«Արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը և Կամո Նիգարյանը զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում: Ներկայացված աշխատանքները տեսողական ու պատմական հակակշիռ են ստեղծում հայ երիտասարդության ժամանակակից ստեղծագործություններին: Հայկական դիզայնը դուրս է գալիս արխիվներից: Անցյալը ներկա է՝ կանխատեսելու համար ապագան»,- մեկնաբանել է Նայիրի Խաչատուրեանը: Նշենք, որ 13-րդ միջազգային դիզայն բիենալեի թեման վերաբերում է ժամանակակից խնդիրների էությանը: