Կարևոր իրադարձություններ

Ինչ աշխատանք է արել ԿԳՄՍՆ-ն սոցիալական կրեդիտի և եկամտային հարկի փոխհատուցման ուղղությամբ

27 Փետրվար, 2025 15:38
Ինչ աշխատանք է արել ԿԳՄՍՆ-ն սոցիալական կրեդիտի և եկամտային հարկի փոխհատուցման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում:

Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է  « Սոցիալական կրեդիտ » բաժինը, որն ունի « Նախադպրոցական հաստատություններ », « Հանրակրթական հաստատություններ », « Քոլեջներ », « Բուհեր », « Արտադպրոցական հաստատություններ », « Ոչ ֆորմալ կրթություն », « Ուղեցույցներ » ենթաբաժինները:

«Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների ցանկում: Ընդ որում՝ խոսքը բոլորովին փոքր շրջանակի մասին չէ. միայն երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող ավելի քան 55 հազար երեխաներ կան, որոնցից ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում:Վարձավճարներն անկանխիկ վճարելու դեպքում քաղաքացիները կկարողանան դառնալ այս ծրագրի շահառու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է՝ ԿԳՄՍՆ կայքում հրապարակված են նաև երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնց թիվն այս պահին 110 է. «Այս պահին համապատասխան կազմակերպությունների կողմից ակտիվություն է նկատվում` երաշխավորման գործընթացի հանդեպ շատերն են ցուցաբերում հետաքրքրություն»: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:

Անդրադառնալով գործընթացների լավարկմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվել նաև երաշխավորման կարգի փոփոխության ուղղությամբ. առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի բարելավված նախագիծը: ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար): Այս ուղղությամբ քաղաքացիներն առհասարակ որևէ լրացուցիչ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չունեն:

«Այն պահին, երբ դպրոցահասակ երեխա ունեցող քաղաքացիները կլրացնեն եկամուտների հայտարարագիրը, յուրաքանչյուր երեխայի մասով դասագրքի վարձավճարը 3000 դրամի չափով վերադարձի հնարավորություն կստանան: Սա քաղաքացիներից որևէ լրացուցիչ ջանք չի պահանջում և վերաբերում է ավելի քան 250 հազար դպրոցահասակ երեխաների ծնողներին և նրանց ընտանիքներին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը: Նշենք՝ փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ 

Կարևորելով եկամտային հարկից մինչև 100 հազար դրամի չափով վերադարձի համակարգի գործարկումը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնակի շեշտել է կրթական և առողջապահական բաղադրիչների նշանակությունը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վարչապետը հանձնարարել է իրականացնել հանրային լայն իրազեկում և արդյունավետ հաղորդակցություն այս ուղղությամբ: Նշենք, որ սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։ Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, որոնք լրացրել են իրենց հայտարարագիրը։ Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։

 

Լրահոս

Դիտել ավելին