«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար Կառավարությունն այսօրվա նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց: Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով ընկերության բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12 503 հատ բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանին որպես սեփականություն:
Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացումն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով: Ամուլսարի ոսկու հանքի Ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: