Ամեն տարի գործադիրը մինչև մարտի 1-ը ԱԺ-ին է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույց: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը, նշել է, որ զեկույցը ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:
Փոխվարչապետի փոխանցմամբ`զեկույցում ներառված են նաև 2024 թվականի՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաև միջազգային հեղինակավար մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք ևս ի ցույց են դնում Կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումներին, նշեց, որ 2024 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքների մասին վիճակագրության համաձայն՝ 5,9 տոկոս ՀՆԱ-ի իրական աճ է ապահովվել:
«2021 թվականին ապահովվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»,- ասաց նա: