Մոտ 30 եվրոպական երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը:
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդի և դաշնակցի հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել նման գործարքի, անվտանգության այս կամ այն տեսակի երաշխիքների», - ասել է նա:
Մակրոնը հավելել է, որ այս պետությունները ԱՄՆ-ից «համերաշխության ազդանշան» են ակնկալում, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունները։
Մինչ այդ Ֆրանսիայի նախագահը երկու անգամ հավաքել էր եվրոպացի առաջնորդներին՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ փետրվարի 17-ին և 19-ին։
Դա տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, որի ժամանակ քննադատական հայտարարություններ են արել ԱՄՆ նոր ղեկավարության ներկայացուցիչները։
Մասնավորապես, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն առաջարկել է, որ ԵՄ-ն ֆիզիկապես ներկայացված չլինի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ։