Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղ» լեգենդար կոմիտեի անդամին ծեծի են ենթարկել.«Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2015 09:39
«Ղարաբաղ» լեգենդար կոմիտեի անդամին ծեծի են ենթարկել.«Հրապարակ»

Երեկ առավոտյան արթնացա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հեռախոսազանգից։ Սամսոնը, որը վերջին տարիներին տաքսի է վարում, շարունակ հայտնվում է տհաճ պատմությունների մեջ՝ դատական պրոցեսներ, մեղադրյալի կարգավիճակ: Երեկ էլ անհայտ անձի կողմից էր հարձակման ենթարկվել։ Նա հուզված պատմում էր, որ առավոտյան՝ 9։20-ի սահմաններում, Մամիկոնյանց փողոցի վրա իր մեքենային է մոտեցել սեւ գույնի «Գազ-24» ավտոմեքենա, 062 LL 10 համարանիշով։ Մեքենայից իջել է 30-ին մոտ մի տղամարդ՝ խաժ աչքերով, մոտեցել է իր մեքենային, սկսել է տարօրինակ հարցեր տալ՝ ով ես, ինչ տաքսի ես, իսկ երբ Ղազարյանը հրաժարվել է պատասխանել, բացել է մեքենայի դուռը, նրան քաշել դուրս եւ սկսել է հարվածներ հասցնել:

Սամսոն Ղազարյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, տղամարդը մի քանի հարվածներ հասցնելուց հետո նստել է մեքենան ու հեռացել: Հավանաբար, ոչ այնքան ֆիզիկական բռնությունն ու ցավը, որքան նվաստացումն էին ստիպել «Ղարաբաղ» լեգենդար կոմիտեի անդամին առավոտ վաղ զանգել խմբագրին եւ խնդրել, որ կատարվածի մասին լուրը տպագրվի, եւ ոստիկանությունն այն որպես հաղորդում ընդունի։ Սամսոն Ղազարյանը բացատրում էր, որ սա առաջին դեպքը չէ՝ երկրորդն է, առաջին դեպքի մասին լռել է, այժմ այլեւս չի պատրաստվում լռել, քանի որ տաքսիստների նկատմամբ բռնություններ կիրառելու դեպքերը հաճախացել են։ Գոնե մեկ անգամ իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն դրանցով, եւ բռնարարները պատժվեն, որ դեպքերն այլեւս չկրկնվեն։ Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդեց, որ սեւ «Գազ-24» մեքենան հայտնաբերվել է, տերը հարցաքննվում է ոստիկանությունում, եւ հնարավոր է, որ Սամսոն Ղազարյանի հետ առերեսում կազմակերպվի։ Երեկ ուշ երեկոյան Ղազարյանից տեղեկացանք, որ առերեսում դեռ չի կատարվել։

 

Լրահոս

Դիտել ավելին