Կարևոր իրադարձություններ

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակում (տեսանյութ)

12 Դեկտեմբեր, 2024 15:06
Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակում (տեսանյութ)

ՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը:

Աշխատաժողովին մասնակցում էին ՆԳ նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարներ և արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն անդրադառնալով դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությանը՝ ընդգծել է ոչ միայն բնակչության պատրաստվածությունը, այլև համայնքային մակարդակում կարողությունների և համակարգված աշխատանքի զարգացումը: Այդ համատեքստում նա կարևորել է հանրության տեղեկացվածությունը, աղետներին պատրաստվածության խթանումը, ինչի շնորհիվ կձևավորվի աղետների մարտահրավերները հաղթահարելու ունակ, իրազեկ և դիմակայուն հասարակություն։

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը՝ նշել է, որ նման միջոցառումների կազմակերպումը հատկապես Շիրակի մարզի նման երկրաշարժավտանգ գոտում միշտ արդիական է:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարծքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն անդրադարձել է սեյսմիկ վտանգի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի ամբողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ռիսկի գոտում, ուստի սեյսմիկ վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները և դրանց համակարգված իրականացումը պետք է լինեն շարունակական գործընթաց։ Նա ներկայացրել է վերջին տարիների Հայաստանի Հանրապետության սեյսմիկ վտանգի քարտեզները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք ուղղված են համայնքների և պետության դիմակայունության ամրապնդմանը:

Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Կակոյանը ներկայացրել է ծառայության կողմից իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել երկրաշարժի ժամանակ մարդկանց պատրաստվածության մակարդակը։

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադառնալով Հայաստանին սպառնացող տարերային և տեխնածին վտանգներին՝ կարևորել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորման, քարտեզագրման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությունը:

ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանն անդրադառնալով վաղ ազդարարման և իրազեկման համակարգերի զարգացմանը՝ նշել է, որ նախապես լավ պատրաստվածությունը և իրազեկվածությունը ճգնաժամային իրավիճակների ժամանակ կարող են կանխարգելիչ քայլեր առաջարկել, իսկ օպերատիվ տեղեկատվության կառավարումը պետք է անհրաժեշտ տեղեկատվությունն արագ և ճշգրիտ հասցնի հանրությանն ու պատասխանատու մարմիններին:

Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու հետևանքների վերացումն առավել արդյունավետ են, երբ հասարակության յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր պատասխանատվությունը: Նա ընդգծել է տեղական, համայնքային և ազգային մակարդակներում համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը կնպաստի առավել պատրաստված, դիմակայուն և անվտանգ երկիր ունենալու տեսլականին։

Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին