«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է Նիկոլ Փաշինյանը եւ զեկույցով հանդես եկել՝ կադրային փոփոխությունների թեմայով։
Կուսակցության կենտրոնական գրասենյակում ՔՊ-ականները, տեսնելով դահլիճ մտնող Աղազարյանին, ուղղակի «կարկամել» են, հետո, շունչները պահած, սպասել Փաշինյանի ժամանելուն՝ մտածելով, որ «կինո է լինելու»։
Հիշեցնենք, որ Աղազարյանը շուրջ երկու շաբաթ է՝ չի կատարում Փաշինյանի «խնդրանքը» եւ վայր չի դնում մանդատը։
Սակայն Փաշինյանը ժամանել է, նկատել Աղազարյանին, նույնպես անակնկալի է եկել, հետո քննարկման ընթացքում ցուցադրաբար նայել է Աղազարյանի կողմը եւ խոսքում ակնարկներ արել՝ նրան ուղղված, բայց ուղիղ ոչինչ չի ասել:
Աղազարյանը մինչեւ վերջ մնացել է նիստին, չնայած՝ ելույթ չի ունեցել»։