Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ուշագրավ իրադարձություններ են ծավալվում Վրաստանում

30 Նոյեմբեր, 2024 08:52
«Փաստ». Ուշագրավ իրադարձություններ են ծավալվում Վրաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին ուշագրավ իրադարձություններ են ծավալվում հարևան Վրաստանում: Նախորդ գիշեր Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում պարտված, Վրաստանը հանուն Արևմուտքի շահերի «մատաղ անելու» կողմնակիցների և ոստիկանական ստորաբաժանումների միջև: Ըստ որում, բախումներ հրահրելու «գործում», ինչպես վկայում են տեղեկություններն ու տեսանյութերը, բավականին մեծ է արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դերը:

Ակնհայտորեն պրոարևմտյան գիծ որդեգրած Վրաստանի նախագահը, որի պաշտոնավարման ավարտին, ի դեպ, հաշված օրեր են մնացել, դիրքավորվել է որպես «փողոցային ընդդիմություն» և երկրի ներսում բախումներ, անկայունություն և արյունահեղություն է հրահրում՝ նպատակ ունենալով տապալել ժողովրդավարական ընտրություններով ձևավորված օրինական իշխանությունը:

Այդ խորապատկերում հատկանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ նախքան հիշյալ բախումներն արած ու ընդդիմադիրների հերթական հավաքի առիթ դարձած սենսացիոն հայտարարությունը.

«Մենք որոշել ենք մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չընդգրկել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաև հրաժարվում ենք ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից»: Կոբախիձեն միանգամայն հստակ, առանց երկիմաստությունների նշել է, որ Արևմուտքը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման հարցն օգտագործում է որպես Թբիլիսիին շանտաժի ենթարկելու գործիք:

«Հավաքական Արևմուտքի» պատասխանը, ինչպես հասկանում եք, չուշացավ: Արդեն նշեցինք, որ նշված վճռական ու բավականին համարձակ հայտարարությունից հետո ընտրություններում պարտված «արևմտամետները» գնացին ոստիկանության հետ բախումների, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին, չբավարարվելով արդեն արածով, նաև դիմեց «եվրոպական մայրաքաղաքներին», որպեսզի գնահատականներ տան Վրաստանում կատարվողին:

Կարճ ասած՝ «տղա կանչեց» երկրի վրա, որի նախագահն է ինքը: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն ու հասարակության սթափ զանգվածն, ի վերջո, կկարողանան հաղթահարել առկա իրավիճակն ու երկիրն ապակայունացման ու քանդարար հունի մեջ նետելու ակտիվ փորձերը: Բայց այս ամենը որոշակի դիտարկումների և ընդհանրացումների առիթ է տալիս»։

Հոդվան ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին