Կարևոր իրադարձություններ

Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության մեխանիզմները

29 Նոյեմբեր, 2024 19:28
Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության մեխանիզմները

Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները:

Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը:

2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության եւ հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցության միջոցով բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը: Ծրագիրը միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ գալիք տարվա կտրվածքով համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով խորհրդարան էին այցելել «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդն ու ծրագրի ներկայացուցիչները: Նրանց հետ հանդիպել են հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը:

Նշվել է, որ ծրագրի առանցքային բաղադրիչներից են սոցիալական պաշտպանությունը, ներառականությունը, մշտադիտարկումը եւ գնահատումը: Այս թեմայի շրջանակում էլ Հերիքնազ Տիգրանյանը մանրամասն ներկայացրել է այն գործիքակազմերը, որոնցով օրենսդրական մակարդակում իրավասու հանձնաժողովը կարող է աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը: Այս համատեքստում կարեւորվել է պետության կարիքների ճշգրիտ գնահատումն ու դրա հիման վրա աջակցության թիրախային իրականացումը:

«Ձեր ծրագրերի անմիջական շահառուն Կառավարությունն ու Ազգային ժողովն են, նաեւ խոցելի խմբերի այն անձինք, որոնց կյանքի որակն այդ ծրագրերի միջոցով կարող է փոխվել: Ուզում ենք հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչ բարեփոխումներ կարող ենք կատարել՝ ծրագրով նախատեսված գործիքակազմն ամբողջովին կիրառելի դարձնելու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահն ու քննարկել ծրագրին հանձնաժողովի մասնակցության մեխանիզմները:

Ծրագրի պատասխանատուները մանրամասնել են Կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր սեկտորի հետ փոխգործակցության շրջանակը: Անդրադարձ է եղել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով ու «Նպաստների մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված ընտանիքի անապահովության գնահատման նոր մոդելին: Այս համատեքստում Սյունիքի եւ Կոտայքի մարզերում պիլոտային ծրագրեր կիրականացվեն, որոնց շրջանակում կազմակերպությունը կկատարի որոշակի մշտադիտարկում եւ աշխատանք տեղական հասարակական կազմակերպությունների հետ, որ վերջիններս առավել ներգրավված լինեն այդ գործընթացում:

Հետօրենսդրական վերահսկողության առումով կարեւորվել է խորհրդարանի ներգրավվածությունը ծրագրի տարբեր փուլերում արդյունքների ներկայացման գործընթացին՝ օրենսդրական դաշտում առկա խոչընդոտները վերանայելու նպատակով:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում եւս հանդիպել եւ քննարկել բազմաբաղադրիչ ծրագրի մանրամասներն ու ընթացակարգային հարցերը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին