Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները:
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է. «Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ իրականացվող հոբելյանական այս ծրագիրը լավագույնս է ներկայացնում Ազնավուրի ժառանգությունն ու արվեստը»,- ասել է նախարարի տեղակալը:
Համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով: Հատկանշական է, որ համերգային ծրագրում նվագախումբը և մենակատարները կատարում են նաև Կոմիտասի ստեղծագործություններից:
Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 22 մլն դրամի տեխնիկա և գործիքներ է ձեռք բերել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար և ըստ նրա՝ Ազնավուրին նվիրված հոբելյանական այս ծրագիրը շատ լավ առիթ է համերգային շրջագայության ընթացքում հնչեցնելու այս գործիքները:
Հոբելյանական ծրագիրն արդեն իրականացվել է Բրյուսելում, Բուդապեշտում, Լյուքսեմբուրգում, Եթովպիայում: Եզրափակիչ համերգները կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին և կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, այնուհետև Լատվիայում:
Շրջագայությունից առաջ Դանիել Դանիելյանը բարի երթ է մաղթել Հայաստանի պետական ջազ նվագախմբին, երաժիշտներին և մենակատարներին՝ վստահություն հայտնելով, որ Շառլ Ազնավուրի ժառանգությունը և հայ կատարողական արվեստը լավագույնս կներկայացվեն նաև շրջագայության եզրափակիչ փուլում: