Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման (ՖԱՍԹ) ծրագրի բացման միջոցառմանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` կարծրատիպային մոտեցումների արդյունք են։
«Մենք այսօր շատ հեռու ենք իրավահավասարության և հակախտրականության մասին լիարժեք պատկերացումներ ունենալուց: Բացի այդ, ոլորտի վերաբերյալ կարգավորումները լիարժեք չեն կամ պատշաճ իրացված չեն։ Սա վերաբերում է նաև կանանց իրավունքների խթանման և պաշտպանության հետ կապված բոլոր հնարավոր հարցերին։ Խնդիրն ավելի ակնառում է, երբ դիտարկում ենք խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային փոքրամասնությունները ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահ կարող եմ ասել, որ նրանց խնդիրները պատշաճ հասցեավորված չեն։ Պատճառները, վստահաբար, տարբեր են: Դրանց թվում կարևոր եմ համարում հիշատակել խնդիրների նկատմամբ հասարակության ընդհանուր մերժողական վերաբեմունքը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դրանք ոչ միայն չեն հաղթահարվի, այլև էլ ավելի կմեծանան և կխորանան»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ մոտեցումների փոփոխման առումով անհրաժեշտ է լուրջ կամք և հստակ մեթոդաբանություն։
«Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով»,- ասել է Պաշտպանը։
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ևԳերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։ Մասնակցել են միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դեսպաններ։
ՖԱՍԹ ծրագրի բացման միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ֆեմինիստական զարգացմանը և գենդերային հավասարությանն ուղղված գլոբալ գործողություններին և Հայաստանում գենդերային արդարությանը հասնելու ուղիներին։