«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական նիստն անցկացվի Ռուսաստանում, ոչ թե Երեւանում, ինչի մասին նախօրեին հայտնեց ռուսական կողմը, ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում: Ասացին միայն․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ ԵՏ բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում», իսկ հաջորդ նիստի անցկացման ժամկետների եւ վայրի մասին որոշումն ընդունվում է նախորդած նիստի ընթացքում.
«Տվյալ դեպքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել՝ հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում»։
Մինչդեռ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 8-ին անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Ռուսաստանում: Նիստը, ի դեպ, նախագահելու է Փաշինյանը։ Բանն այն է, որ թեեւ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում:
Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵԱՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Նման խնդրանքով դիմելու պատճառը Հռոմի ստատուտն է, որը վավերացվել է ՀՀ իշխանությունների կողմից եւ նախատեսում է՝ եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, նրան ձերբակալեն եւ հանձնեն Հռոմի դատարանին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։